Քաղաքականություն 

Տեղի է ունեցել մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը

analitik.am

Փետրվարի 17-ին  Աժ-ում տեղի ունեցավ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և  հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:


Քննարկվեց ԱԺ պատգամավոր Արտակ Դավթյանի հեղինակած «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ներկայացնելով առաջարկվող լրացումը` Արտակ Դավթյանը նշեց, որ եթե միավորումը 50 եւ ավելի տարի ՀՀ օրենսդրությամբ սահմանված հիմքերով գործում է որպես ստեղծագործական միություն, ապա կարող է պետական գրանցում ստանալ՝ պահպանելով «ստեղծագործական միություն» անվանումը եւ իրավահաջորդությունը: Փոփոխությամբ առաջարկվում է կազմակերպության բարձրագույն մարմնի ղեկավարի եւ կազմակերպության գործադիր ղեկավարի ընտրություն կամ նրա լիազորությունների դադարեցում իրականացնել, եթե առկա է բարձրագույն մարմնի անդամների մեկ երրորդի նախաձեռնությունը: Նշվեց, որ գործող օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով կազմակերպության հերթական ժողովը հրավիրվում է 2 տարին մեկ անգամից ոչ պակաս: Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է երկու տարվա պարբերականությունը փոխարինել 4 տարով:

 

Հարակից զեկույցում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը նշեց, որ կառավարությունը սկզբունքային առարկություններ չունի, դրական եզրակացություն է տվել եւ ներկայացրեց մի շարք առաջարկներ:

 

Հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը օրինագծի իրավական ձեւակերպումներին առնչվող մի շարք առաջարկներ ներկայացրեց՝ նշելով, որ առավել հստակ ձեւակերպումների դեպքում, որպես պատգամավոր, դեմ չի լինի օրենսդրական նախաձեռնությանը:

 

Եզրափակիչ ելույթում օրինագծի հեղինակ Արտակ Դավթյանը նշեց, որ պատրաստ է առաջինից երկրորդ ընթերցում առաջարկների հիման վրա համապատասխան փոփոխություններ կատարել եւ լրամշակել օրինագիծը:

 

Հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրինագիծը կընդգրկվի ԱԺ հինգերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում:

Նույն շարքից