Քաղաքականություն 

ՀՀԿ-ական պատգամավորը՝ պարտադիր կուտակային կենսաթոշակների նոր համակարգի մասին

analitik.am

Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության անդամ Վահրամ Բաղդասարյանը գտնում է, որ պարտադիր կուտակային կենսաթոշակների նոր համակարգը որոշակի թերություններ ունի, դրա հանդեպ չկա հավատ, բայց պետք է իրագործել: «Այս խնդրի հետ կապված բավականին հարցեր կան, որոնք մենք պետք է վերանայենք: Այստեղ լուրջ քայլ է կատարված, թեև ես քննադատել եմ, որ պարտադիր չպետք է լինի, և իհարկե, ցանկալի է, որ մեր երկիրն այնպիսի իրավիճակում լիներ, որ դա կամավոր իրագործվեր»,- այսօր կայացած ասուլիսին ասաց նա:

Վերջինիս խոսքով՝ իշխանություններին անընդհատ մեղադրում են, որ երկարաժամկետ խնդիրներ չի լուծում: Եվ մինչ այսօր Հայաստանի որևէ կառավարություն համարձակ քայլեր չի արել, մինչդեռ պետք է լինել համարձակ: «Մենք պետք է հավատանք Կառավարության ծրագրին: Դա բավականին հետաքրքիր ծրագիր է,այդ գումարները կնպաստեն փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ժողովրդի մոտ ոչ թե ինֆորմացիայի պակաս կա համակարգի մասին, այլ հավատի, սակայն քաղաքացիները հիմքեր ունեն չհավատալու:

Լրագրողների դիտարկմանը, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե երկրի 80%-ը դեմ է կուտակայինին, բայց այն պետք է իրագործել, նա մեկնաբանեց. «Նա պարզ բացատրեց, թե այդ գումարներն ինչի համար են, այդ 80%-ը ես չեմ լսել, որ ասել է, բայց երբ մարդիկ ընկալում, հասկանում են, դեմ արտահայտվողների թիվը նվազում է: Օրինակ՝ ինձ համար հասկանալի չէ, թե ինչու հենց 1974թ.-ից հետո ծնվածների համար է օրենքը պարտադիր»:

Նա չհամաձայնեց տեսակետի հետ, թե երկրում այդքան մարդ դեմ է օրենքին: Իսկ բողոքներն ու ցույցերը պայմանավորեց նրանով, թե ընդդիմության դաշտը դատարկվում է, և կուտակայինը շատ լավ խոսափող է: «Համենայնդեպս հավաքներին ես չեմ տեսել այդ 80% դեմը: Այդ ցույցերն այնքան էլ օրենքի հետ չի կապված, կան ուժեր, որոնք աշխատում են այդ ուղղությամբ: Որոշ միջազգային կազմակերպությունների ձեռք չի տալիս Հայաստանի տնտեսության զարգացումը»,-ասաց նա՝ միևնույն ժամանակ նշելով, որ եթե Կառավարությունը հստակ ներկայացնի, թե ինչպիսի ծրագրեր է նախատեսում այդ գումարների հետ, շատ դրական կլինի:

Նույն շարքից