Քաղաքական 

Հայաստան-Իրան հարաբերությունները կարող են վտանգվել

Հայաստանի համար տարածաշրջանային «տերությունների» հետ հարաբերություններում ոչ կառուցողական քաղաքականությունը կարող է վնասել առաջին հերթին պաշտոնական Երևանին: Իրանի դեպքն այն բացառիկներից է, երբ երկու պետությունների միջև երկարաժամկետ համատեղ ծրագրերն ու տեսլականները կարծես թե ամբողջապես նույն հունով են հոսում: Սակայն Թեհրանի համար «հայկական գետի հոսքի հետագա ուղղությունը» միտում ունի վայրիվերումների ու փոփոխությունների. հատկապես դա վերաբերվում է նախորդ տարի սեպտեմբերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Մոսկովյան հայտարարությանը՝ միանալու Մաքսային Միությանը:

Իրանական կողմի աչալուրջ հսկողության ներքո Հայաստանը տնտեսական ինտեգրացիայի կտրուկ մանյովր կատարեց՝ մնալով որքանով հասկանալի, սակայն ոչ այդքան ընդունելի գործընթացում թաթախված մյուս պետությունների համար: Շատերն ուսերը թափ տալով՝ իրենք իրենց համար ի գիտություն սահմանեցին, որ Երևանը չէր կարող դավաճանել «ռազմավարական գործընկերոջը», իսկ իրանական կողմը հասկացավ, որ կտրուկ շրջադարձը նոր իրավիճակ է ստեղծում իր հյուսիսային տնտեսական «զարկերակի» շուրջ:

Մաքսատուրքի ու Հայաստանի տարածքով տեղափոխվող բեռների համար գործող փաստաթղթաանցագրային փոփոխություններ. Ահա հնարավոր նոր խոչընդոտների ոչ ամբողջական ցանկ, որը կարող է ուղղակիորեն ազդել նաև իրանական բեռների վրա, որոնք անցնում են Հայաստանով:
Այս ու մյուս խնդիրները միանշանակ ներառվելու են ՀՀ-ԻԻՀ միջկառավարական հանձնաժողովի հերթական՝ 12-րդ նիստի օրակարգ: Իհարկե պատկերացնել, թե ինչպես է տեսնում Հայաստանն այս հարցերի լուծումը, դժվար է ասել, մանավանդ եթե հաշվի առնենք այն փաստը, որ վերպետական տնտեսական ինտեգրացիոն կառույց անդամակցության դեպքում, ոչ միշտ է, որ պետություններին թույլատրվում է «ինքնագլուխ» որոշումներ կայացնել:
Նախագծային փուլում թղթի վրա են մնում նաև համատեղ էներգետիկային ու կապի ոլորտի մյուս ծրագրերը՝ Հայաստան-Իրան երկաթգիծն ու Իրան-Հայաստան նավթատարի շինարարությունը: Չնայած դրանց անասելի կարևորությանը Հայաստանի համար, նախագծերի հետ ավելի հսկայական հույսեր է կապում հենց Իրանը:
Պաշտոնական Թեհրանը ցանկություն ունի իր հյուսիսում տեսնելու «արևելաեվրոպական»՝ անգամ «եվրոպական» ուղղությամբ հնարավորինս կայուն ու վստահելի էներգետիկ ուղի: Նրա վստահությունը վերջին ամիսներին կարելի է ենթադրել, որ փոքր-ինչ տատանվել է:
 
Հստակ շեշտադրումներով ու գրեթե վերջնական մոտեցումներով հարցերի լուծումներն իրենց քննարկմանն են սպասում այս տարի ակնկալվող Սերժ Սարգսյան-Հասան Ռոհանի հանդիպման ընթացքում: Վստահաբար նույն այդ նախագծերն ու ակնկալվող խնդիրները կդրվեն քննարկման ՀՀ վարչապետի և Իրանի առաջին փոխնախագահի հետ Թեհրանյան հանդիպմանը: Երևանը պետք է լրջագույն ջանքեր գործի՝ արդարացնելու համար Թեհրանի ակնկալիքները:
Այս բոլոր խնդիրները ուղղակիորեն ազդեցություն կարող են ունենալ հայ-իրանական հարաբերությունների վրա ու եթե անգամ չվնասել, կարող են ստվեր գցել համատեղ տասնյակ ծրագրերի վրա:
Չպետք է մոռանալ, որ Իրանը ղարաբաղյան հիմնահարցի ծագման ամենաառաջին օրերից ներքաշված է եղել գործընթացում, անգամ հանդես է  եկել որպես միջնորդ ու նրա  ներկայիս կառուցողական մոտեցումը կորցնելը միայն ու միայն վնաս է Հայաստանի համար: Թեհրանին վանելն անթույլատրելի «շքեղություն» է Երևանի համար:

Վերոշարադրյալ գործոններից բացի կան մի շարք այլ կետեր, որոնցում Հայաստանն ու Իրանն ունեն փոխադարձ շահեր: Հայաստանի համար դրանք իրանական ապրանքներն են, հազարավոր զբոսաշրջիկները, ենթակառուցվածները (անասնաբուծություն, ոչխարների սպանդանոցների կառուցում Հայաստանի տարածքում իրանական ֆինանսավորմամբ և այլն), Իրանի հետ դարավոր բարեկամական ու մշակութային կապերը, որոնք որքան էլ տարբեր են, սակայն փոխադարձ հարգանքի մթնոլորտ են ստեղծել միմյանց նկատմամբ:
Հայաստանն ու Իրանը ստեղծված պայմաններում բռնված են իրարից, սակայն և տպավորություն է, որ նրանք մեկմեկու համար «անհասկանալի լեզուներով» են խոսում: 


Գևորգ Ղազարյան

Նույն շարքից