Քաղաքական 

Երբ ստանամ իմ հարցերի պատասխանները, կասեմ Մադրիդյան սկզբունքներն ընդունելի են մեզ համար, թե՝ ոչ․ Նիկոլ Փաշինյան

Այսօր՝ ապրիլի 7-ի ԵԿՄ արտահերթ համագումարի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման մասին, հատուկ խոսեց Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ:

«Ինչպես Ստեփանակերտում ասել եմ, նույն կերպ ասել եմ նաև Վիեննայում, որ ինձ համար՝ որպես բանակցային գործընթացում նոր ներգրավված մարդ, անհրաժեշտ է հստակ պարզաբանում ստանալ, թե ինչ կարող են նշանակել մադրիդյան սկզբունքները գործնականում, ինչ հնարավոր ելքերի կարող է հանգեցնել այդ սկզբունքների շրջանակներում ընթացող բանակցությունները: Վիեննայում այդ հարցի հստակ պատասխանը չեմ ստացել: Միայն այն բանից հետո, երբ ստանամ այդ հարցի շատ հստակ պատասխանը, հստակ կհայտարարենք՝ որքանով են դրանք ընդունելի և անընդունելի մեզ համար և ընդհանրապես ընդունելի են, թե՝ ոչ:

Ասվում է, որ մադրիդյան սկզբունքների ամենակարևոր առավելությունն այն է, որ ով ինչպես ուզում է այն մեկնաբանում է: Իմ դիրքորոշումն այն է, որ դա անլրջացնում է ողջ բանակցային գործընթացը:

Պատկերացրեք իրավիճակ՝ երկու պետությունների ղեկավարներն աշխարհի ուշադրության ներքո հավաքվում են, հանդիպում են, մի քանի ժամ խոսակցությություն են ունենում, իսկ երբ դուրս են գալիս, նրանց պատմածները՝ սենյակի ներսում տեղի ունեցածի մասին, 180 աստիճանով տարբերվում են միմյանցից: Սա անլուրջ է և անլրջացնում է բանակցային ողջ գործընթացը:

Վիեննայի հանդիպումից հետո ես ամեն ինչ արեցի, որ մենք մեզ նման անլուրջ իրավիճակի մեջ չդնենք: Ես ուզում եմ հույս հայտնել, որ բանակցային գործընթացի բոլոր մասնակիցները զերծ կմնան այս տրամաբանությանը հակասող գործելակերպից, որովհետև թյուր կարծիք է, թե նման գործելակերպն անլրջացնում է ողջ բանակցային գործընթացը և պետության ղեկավարի ինստիտուտն ընդհանրապես: Ես հստակ այս դիրքորոշումը ձևակերպել եմ Վիեննայում»,-ասաց վարչապետ Փաշինյանը:

Նույն շարքից