Բարի օր Քաղաքականություն 

Մեզ հետ պետք չի խոսել սպառնալիքի լեզվով, մեզ պետք չէ սպառնալ պատերազմով. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Չի կարելի անընդհատ սպառնալ դիմացի ժողովրդին: Դիմացի ժողովրդի հասցեին սպառնալիքով հանդես եկող  ցանկացած ոք անուղղակի կերպով սպառնալիքներով հանդես է գալիս նաև սեփական ժողովրդի նկատմամբ: ՀՀ կառավարությունը որևէ ժողովրդի չի սպառնում ոչ թե այն պատճառով, որ վախենում է, այլ որովհետև մենք չենք կարող տրվել մեր ժողովրդին սպառնալու գայթակղությանը: Այսօր՝ ապրիլի 7-ին, ԵԿՄ արտահերթ համագումարի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ սպառնալիքներով ժողովրդի հետ չեն խոսում:

«Մեզ հետ պետք չի խոսել սպառնալիքի լեզվով: Մեզ պետք չէ սպառնալ պատերազմով: Պատերազմի սպառնալիքին մենք պատասխանելու ենք խաղաղության օրակարգով, անհրաժեշտության դեպքում՝ խաղաղությունը պարտադրելու օրակարգով: Խաղաղության կոչին պատասխանելու ենք խաղաղության պատրաստակամությամբ, մենք պատրաստ ենք աշխատել հանուն խաղաղության: Դրա համար մի պարզ բանաձև ենք առաջարկում, որն ընդունել է միջազգային հանրության համար՝ ԼՂ հարցի կարգավորման ցանկացած տարբերակ պետք է ընդունելի լինի ՀՀ-ի, ԱՀ-ի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Քանի դեռ այդպիսի լուծում չենք գտել, որևէ լուծման մասին խոսելն անլուրջ է:

Ես սպասում եմ, որ Ադրբեջանի նախագահը նույնպես որդեգրի այս բանաձևը: Ստեփականակերտի օրակարգը, որը մենք բարձրաձայնել ենք մարտի 12-ին, Վիեննայում մտել է մեր համատեղ քննարկումների օրակարգ, սրանից որևէ մեկը որևէ տարբերակով չի կարող խուսափել, սա այլևս կայացած  իրողություն է, որն արձանագրվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և երկու երկրների ԱԳ Նախարարների համատեղ հայտարարության մեջ»,-նշեց վարչապետ Փաշինյանը:

Նույն շարքից