Հասարակություն գլխավոր 

Ներողություն խնդրելով՝ ուզում եմ ասել՝ հերոսությունն առողջության նման է. Նիկոլ Փաշինյանը խոսեց Մանվել Գրիգորյանի և Վազգեն Սարգսյանի խոսքերի մասին

Այսօրվա համագումարը ձեր անցած փառապանծ ճանապարհի արժևորման հանգրվանը պետք է դառնա: Բայց արժևորման իմ բանաձևը ճշմարտության հետ առերեսումն է: Ճշմարտության հետ առերեսվելիս պետք է համարձակություն ունենանք, խոսենք ետպատերազմյան շրջանում տեղի ունեցած մի շարք երևույթների, զարգացումների մասին, որոնք բերեցին ԵԿՄ նախկին նախագահ գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի շուրջ աղմկոտ զարգացումներին: Մենք պետք է հասկանանք, թե ինչպես և ինչու այդ ամենը տեղի ունեցավ: Այսօր՝ ապրիլի 7-ին, ԵԿՄ արտահերթ համագումարի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքերով, Արցախյան ազատամարտի, խաղաղության զինադադարի կնքումից հետո հանրության որոշ հատվածներում ականտեսը եղանք մի երևույթի, որը կարծես թե միտում ուներ մեկնաբանելու, թե հայրենիքի առաջ հերոսություն գործած մարդիկ արտոնություններ են ստանում ՀՀ այլ քաղաքացիների նկատմամբ իրավունքների և պարտականությունների առումով. «Սա իրավիճակի թյուր ըմբռնում էր, որովհետև՝ այո, այս հաղթանակը կերտվել է մեր ազատամարտիկների կյանքի, արյան, առողջությա գնով: Բայց այդ հաղթանակը անհնար կլիներ առանց թիկունքում միասնական ու վճռական ժողովուրդ ու պետություն ունենալու: Հետևաբար ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է իրեն այդ հաղթանակի լիարժեք սեփականատերը զգա: Այդ հաղթանակը պահպանելու և զարգացնելու միակ ճանապարհը դա է: Դեռ հին ժամանակներից, եթե ցանկացել են որևէ բանակի զրկել հաղթանակից, այդ բանակի ճանապարհները մաքրել են բնակչությունից, որովհտեև ամայի դաշտերում բանակները չեն կարող կռվել, հաղթել, եթե նրանց կողքին, թիկունքին կանգնած չէ ժողովուրդը: Հետևաբար ՀՀ բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առաջ: ՀՀ որևէ քաղաքացի՝ լինի ազատամարտիկ, գեներալ, վարչապետ թե պատգամավոր, չունի որևէ առավելություն այլ քաղաքացու նկատմամբ: Սա է այն ուղերձը, որ ես ուզում եմ այսօր այս ամբիոնից ևս մեկ անգամ հղել ՀՀ քաղաքացիներին: Այս ազատամարտը մեզ տվել է բազմաթիվ մեծ, լեգենդար հերոսներ, բայց ներողություն խնդրելով ուզում եմ ասել, որ հերոսությունն առողջության նման է և այն ամենօրյա, ամենժամյա խնամքի կարիք ունի: Առանց այդ խնամքի, այդ հերոսությունը կարող է արժեզրկվել: Մեր մեծագույն խնդիրն է այդ արժեզրկումը թույլ չտալը: Այդ հերոսությունը պետք է դարձնենք մի հզոր անկյունաքարը, որի վրա պետք է կառուցվի, որ վրա արդեն կառուցվում է ազատ և երջանիկ Հայաստանը: Վազգեն Սարգսյանն ասել է՝ 21-րդ դարը մերն է լնելու: Ես ուզում եմ ասել, որ 21-րդ դարն արդեն մերն է, մեզ մնում է ընդամենը մեկ բան անել՝ ամուր կանգնել մեր 21-րդ դարի, մեր հայրենիքի, մեր երազանքի երջանկության, ապագայի պաշտպանության դիրքերում»,-հայտարարեց վարչապետը:

Նույն շարքից