Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը փետրվարի 17-ին ընդունել է Հայաստանում Բենինի նորանշանակ դեսպան Անիսեթ Գաբրիել Կոչոֆային (նստավայրը` Մոսկվա) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ, փոխնախարար Մանասարյանը շեշտել է, որ Հայաստանը կարեւորում է Աֆրիկյան երկրների հետ հարաբերությունների զարգացումը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Բենինի դեսպանը հավաստիացրել է որ իր առաքելության ընթացքում ջանք չի խնայի երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են կրթության, մշակույթի, առողջապահության եւ գյուղատնտեսության ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններին: Ձեռք է բերվել պայմանավորվածություն պարբերաբար անցկացնել քաղաքական խորհրդակցություններ ԱԳՆ-ների միջեւ: Երկուստեք կարեւորվել է միջազգային կազմակերպություններում փոխգործակցության շարունակությունն ու ամրապնդումը եւ իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը: