Օրեր առաջ ԱԺ-ում լսումների ժամանակ «Իրավունքի կողմ իրավապաշտպան» ՀԿ նախագահ, տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի ելույթի շուրջ քննարկումները չեն դադարում։ Նրա ելույթը հանրության կողմից բուռն քննարկումների առիթ հանդիսացավ։ Բազմաթիվ անձինք հանդես եկան այդ երևույթի քննադատությամբ և հայտնեցին, որ ազգային արժեքները պահպանելու համար բողոքի ակցիա են իրականացնելու։
Analitik.am-ի հետ զրույցում «Երիտասարդ կյանք» ՀԿ նախագահ Կամո Հակոբյանը տեղեկացրեց, որ իրենց կազմակերպությունը նույնպես իրականացնելու է բողոքի ակցիա. «Ապրիլի 8-ին ժամը 14:00-ին հավաքվելու ենք Ազատության հրապարակում այնուհետև երթով շարժվելու ենք դեպի ԱԺ: Դեմ ենք այլասերման քարոզին և ամեն ինչ անելու ենք, որ պահպանենք մեր ազգային արժեքները»։
Նրա խոսքով, երթի նպատակը հանրությանը իրազեկելն է իրականացվող բողոքի ակցիայի մասին. «Իսկ 16:00-ին արդեն ԱԺ-ում միանալու ենք մեր կազմակերպած ակցիայի մյուս մասնակիցներին»։
«Երիտասարդ կյանք» ՀԿ նախագահը տեղեկացրեց նաև, որ ապրիլի 6-ին Աբովյան փողոցի վրա գտնվող Հայ առաքելական եկեղեցու դիմաց ԼԳԲՏ համայնքի կողմից կատարվել է բացահայտ քարոզչություն․ «ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներից 10-15 աղջիկներ և տղաներ, ԼԳԲՏ-ի ցուցապաստառներով, իրենց ծիածանագույն հագուստով իրականացնում էին բացահայտ քարոզչություն և հրավիրում էին մարդկանց գրանցվելու»։
Ըստ պարոն Հակոբյանի, կային մարդիկ, որոնք գրանցվում էին, կային նաև ուղղակի հետաքրքրությունից դրդված մոտեցողներ. «Հիմնական գրանցվողների անչափահաս աղջիկներն էին: Ներկա իշխանությունները ի՞նչ են մտածում այս մասին, դեռ քանի՞ առաքինի ընտանիքի ավանդական դաստիարակություն ստացող երեխաներ պետք է ընկնեն նրանց թակարդը»:
Կամո Հակոբյանի խոսքով, իրենց նպատակը ԱԺ-ից կատարված երևույթի վերաբերյալ պարզաբանումներ պահանջելն է. «Մենք ցանկանում ենք ստանալ պարզաբանումներ բոլոր պատասխանատու անձանցից, ովքեր տեղյակ են եղել»։
Նա նաև նշեց, որ խնդիրը ոչ թե նրանց հետ է, այլ նրանց արտոնություններ տվողների, նրանց օրենքները մեր ազգային արժեքների հետ նույն հարթության վրա տանողների. «Ինձ համար ծիծաղելի էր Նաիրա Զոհրաբյանի ելույթից հետո հնչած ծափահարությունները, այն դեպքում, երբ կար հնարավորություն առաջին բառից հետո, երբ այդ անձը նշեց, որ տրանսգենդեր է, խոսափողը անջատել և դուրս հրավիրել, այլ ոչ թե սպասել, որ նա իր կամքը արտահայտի և բոլոր ԶԼՄ-ները դա նկարեն և տարածեն»։
Պարոն Հակոբյանն ասաց, որ իրենց կազմակեպությունը կնախաձեռնի բոլոր հնարավոր միջոցները, որ պատասխանատվության ենթարկվեն այն անձիք, ովքեր թույլ կտան ԼԳԲՏ համայնքի բացահայտ քարոզչությունը ՀՀ-ում, որովհետև դա ոտնահարում է մեր ազգային բոլոր արժեքները:
Օֆելի Իսրայելյան