Այսօր՝ ապրիլի 8-ին, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը թույլ տվեց Իմ քայլը խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանին ելույթ ունենալ օրակարգից դուրս՝ հորդորելով պատգամավորներին չխանգարել:
Երբ Ազգային ժողովը քննարկում էր Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, Իմ քայլը խմբակցության պատգամավորը խոսեց ապրիլի 5-ին կայացած հայտնի լսումների մասին, երբ տեղի ունեցավ տրանսգենդերի հայտնի ելույթը:
Նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը, չընդհատեց իր խմբակցության պատգամավորին, չնայած այն բանին, որ ելույթը չէր վերաբերում օրակարգին:
Դահլիճից հնչող կոչերին, որ պետք է ելույթ ունենալ օրակարգի շրջանակներում, Լենա Նազարյանը հայտարարեց, որ նիստն ինքն է վարում և հորդորում է չխանգարել:
Հանուն արդարության, պետք է ասել, որ Նազարյանը թույլ տվեց օրակարգից դուրս խոսել նաև ԲՀ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանին, ով արձագանքեց Կարապետյանի խոսքերին: