Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով գազային պայմանագրերի հարցով հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ կոալիցիայի նախաձեռնությանը, ասաց, որ կոալիցիոն ուժերը նույնպես եկել են այն եզրակացության, որ պետք է համախմբել ուժերը, որպեսզի կարողանան մարդկանց հուզող հարցերին հստակ պատասխաններ տալ։
«Հանձնաժողովն իր աշխատանքները պետք է կատարի մինչև նոյեմբեր ամիսը, ապա հրապարակի իր աշխատանքների արդյունքները»,- տեղեկացրեց Հեղինե Բիշարյանը:
«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավարն ասաց, թե սկզբունքորեն որոշված է, որ «Հանրապետական» խմբակցությունից այդ հանձնաժողովում պետք է լինի չորս ներկայացուցիչ, իսկ մյուս խմբակցություններից՝ մեկական մարդ:
Հեղինե Բիշարյանը նաև ասաց, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն առաջարկել է, որպեսզի ԲՀԿ-ից այդ հանձնաժողովում ներգրավվի երկու պատգամավոր՝ որպես ԱԺ մեծությամբ երկրորդ քաղաքական ուժի: Նաիրա Զոհրաբյանի առաջարկն, ըստ էության, չի մերժվել:
«Խորհրդարանական վեց քաղաքական ուժերը կողմ են հանձնաժողովի ձևավորմանը: Ուրբաթ օրը կքննարկվի և վերջնական որոշում կկայացվի»- ասաց Հեղինե Բիշարյանը:
Հիշեցնենք, որ նույն առաջարկով ավելի վաղ հանդես էին եկել ԱԺ ոչ իշխանական ուժերը, սակայն կոալիցիան մերժել էր նախաձեռնությունը։