Ես կարող էի անջատել խոսափողը, սակայն դա չարեցի, քանի որ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն եմ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է ՀՀ ԲՀ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Պատգամավորն անարգանք է համարում այն, ինչ տեղի է ունեցել, այն համարում է հատուկ կազմակերպած սաբոտաժ դահլիճում ներկա մի քանի ՀԿ-ների կողմից, որոնց նպատակը նման շոու կազմակերպելն էր:
«Ես իրավունք չունեմ որևէ մեկին դատելու, սակայն եթե ցանկություն ունեին նման հարց բերել օրակարգ, կարող էին անել առաջարկը, ես այն կդնեի հանձնաժողովում քվեարկության, եթե հաստատվեր, այդ թեմայով էլ քննարկում կլիներ, որի ժամանակ ես կհայտնեի իմ տեսակետը»,-նշել է Զոհրաբյանը՝ հավելելով, որ իր տեսակետը հայտնի է. «Չկա աշխարհում որևէ ուժ, որը կստիպի ինձ հրաժարվել իմ դավանանքից, բարոյական արժեքներից, սկզբունքներից»:
Զոհրաբյանը նաև դիմեց Ալեն Սիմոնյանին, ով հայտարարել էր, որ տրանսգենդերը Զոհրաբյանի հրավերով է եղել ԱԺ-ում: ԲՀԿ-ական պատգամավորը պահանջեց ԱԺ փոխխոսնակից ապացույցներ ներկայացնել այդ մասով: