Սինայում ահաբեկչություն իրականացրած «Անսար Բեյթ ալ-Մակդիս» խմբավորումը Եգիպտոսում գտնվող զբոսաշրջիկներին մինչեւ փետրվարի 20-ը ժամանակ է տվել երկիրը լքելու համար։ Այս մասին ասված է ծայրահեղականների տարածած հայտարարության մեջ։
«Մենք խոստացել էինք, որ կգան օրեր, որոնք ավելի մեծ վիշտ կբերեն»,- նշված է հայտարարության մեջ. «Տիրոջ եւ մուջահիդների շնորհիվ Թաբում իրագործվեց հարձակումն ավտոբուսի վրա։ Հիմա զբոսաշրջիկները մինչեւ փետրվարի 20-ը ժամանակ ունեն Եգիպտոսից հեռանալու համար։ Հակառակ դեպքում՝ նրանք բացի իրենցից՝ ոչ ոքի չեն կարողանա մեղադրել»։
Հայտարարության մեջ ահաբեկիչները նաեւ սպառնում են հարձակվել երկրի նոր ղեկավարության վրա, ինչպես նաեւ երկրի տնտեսության խափանմանն ուղղված դիվերսիաներով , հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Աշ-Շուրուկ» թերթը։