Քաղաքական 

Հայաստանը կարևորում է քաղաքական երկխոսությունն ու շփումները աֆրիկյան տարածաշրջանի երկրների հետ. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր՝ փետրվարի 18-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բենինի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Անիսեթ Գաբրիել Կոչոֆան (նստավայրը՝ Մոսկվա):


Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե Սարգսյանը շնորհավորել է դեսպան Կոչոֆային պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը կարեւորում է քաղաքական երկխոսությունն ու շփումները աֆրիկյան տարածաշրջանի երկրների հետ, այդ թվում՝ Բենինի:


Զրուցակիցները երկուստեք հույս են հայտնել, որ համագործակցության զարգացմանն ուղղված իրավապայմանագրային անհրաժեշտ դաշտի ձեւավորումից հետո, փոխշահավետ մի շարք ոլորտներում՝ տնտեսական, գիտակրթական, մշակութային եւ այլ, համագործակցության չիրացված ներուժը հնարավոր կլինի լիարժեքորեն օգտագործել՝ ի նպաստ երկու երկրների:


ՀՀ նախագահը եւ Բենինի դեսպանը համակարծիք են եղել, որ երկկողմ կապերի ամրապնդման եւս մեկ կարեւոր հարթակ է փոխգործակցությունը Աֆրիկյան միության շրջանակներում, որտեղ Հայաստանն ունի դիտորդի կարգավիճակ:


Սերժ Սարգսյանը կարեւորել է նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը՝ հույս հայտնելով, որ Հայաստանի համար կենսական հարցերում Բենինի Հանրապետությունն այսուհետ եւս կպահպանի իր հավասարակշիռ մոտեցումը:

Նույն շարքից