«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի ավագ որդին՝ Նվեր Ծառուկյանը ոչ թե հեռացվել է Անանիա Շիրակացու անվան ճեմարանից, այլ նա ծնողների որոշմամբ տեղափոխվել է մեկ այլ հաստատություն: Այս մասին ասել է ԲՀԿ առաջնորդի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով լրատվամիջոցներում տարածված տեղեկություններին, թե Ծառուկյանի որդին հեռացվել է դպրոցից տեղի ունեցած ծեծուջարդից հետո:
«Ճեմարանի տնօրենը արդեն ասել է, որ ոչ թե ծեծկռտուք է եղել, այլ փոքրիկ երեխայական չարություն, եւ այսօր Նվեր Ծառուկյանը արդեն մեկ ուրիշ կրթահամալիրում շարունակում է ուսումը: Միջադեպից հետո նա ծնողների որոշմամբ տեղափոխվել է այլ կրթահամալիր, ընդամենը երեխայական չարություն է եղել եւ թեման շահարկելը առնվազն մասնագիտական բարոյականությունից դուրս է»,- ասաց մամուլի խոսնակը:
Սկզբնաղբյուրը՝ news.am