Բարի օր Հասարակություն 

Ժողով՝ տրանսգենդերների և միասեռականության քարոզչության արգելման հարցի առնչությամբ

analitik.am

Օրեր առաջ ԱԺ հերթական նիստի ընթացքում ելույթ ունեցավ «Իրավունքի կողմ իրավապաշտպան» ՀԿ նախագահ, տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը։ Նրա ելույթը հանրության կողմից բուռն քննարկումների առիթ հանդիսացավ։ Բազմաթիվ անձինք հանդես եկան այդ երևույթի քննադատությամբ և հայտնեցին այդ կապակցությամբ բողոքի ակցիա իրականացնելու մասին։

Մի շարք կազմակերպություններ՝ «Կամք» ՀԿ-ն, «Դիրքապահ» Քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում ՀԿ-ն,  «Ազգային արժեքների պահապաններ» նախաձեռնությունը, որի մեջ կան այլ կազմակերպություններ, մահապարտ արծիվների խումբը և  ջավախահայ գործիչ Վահագն Չախալյանն իր թիմակիցների հետ այսօր՝ ապրիլի 8-ին, բողոքի ակցիա իրականացրեցին ԱԺ-ի տարածքում՝ պահանջելով մի շարք պարզաբանումներ, մասնավորապես, բոլոր պատասխանատու անձանցից ստանալ բացատրություններ, թե ովքեր են տեղյակ եղել և թույլ տվել նման իրավիճակը, կանխել այդ երևույթի քարոզչությունը։  Մասնակիցները նշում էին, որ խնդիրը ոչ թե նրանց հետ է, այլ նրանց արտոնություններ տվողների, նրանց օրենքները մեր ազգային արժեքների հետ նույն հարթության վրա տանողների հետ է։

ԱԺ-ի տարածքում ակցիայի մասնակիցները հանդիպում ունեցան ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի, պատգամավոր Ռոստոմ Բաքոյանի և ԱԺ այլ պատգամավորների հետ։ Ալեն Սիմոնյանը ներկաներին ցույց տվեց մի փաստաթուղթ, ըստ որի, Լիլիթ Մարտիրոսյանին ԱԺ մտնել էր թույլատրել ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Analitik.am-ը կապ հաստատեց վերջինիս հետ, ով հերքեց այդ տեղեկությունը, իսկ ավելի ուշ նաև ՖԲ լայվ տարբերակով պարզաբանում ներկայացրեց առ այն, որ ինքը չի թույլատրել տրանսգենդեր Լիլիթի մուտքն ԱԺ:

Ակցիային մասնակցեց նաև քահանա Տեր Ղազարը, ով ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հետ զրույցում պահանջեց իրեն թույլ տալ մտնել ԱԺ և կատարել օրհնության արարողակարգ, որով կմաքրվի ԱԺ ամբիոնը։ Ալեն Սիմոնյանը խոստացավ քննարկել այդ պահանջը և տեղյակ պահել որոշման մասին, ինչը մինչև աշխատանքային օրվա ավարտը չկատարեց։ Չստանալով հուսադրող պատասխաններ՝ Տեր Ղազարը ներկաներին հորդորեց ճանապարհ փակել։

Ակցիայի մյուս մասնակիցները ելույթներ ունեցան, որով դատապարտում էին օրեր առաջ ԱԺ-ում տեղի ունեցածը, նրանք նույնիսկ պահանջում էին ընդունել օրինագիծ, որով կդատապարտեն ԼԳԲՏ-ի քարոզչությունը և քրեական պատիժ կսահմանեն։

Ակցիային մասնակցող «Դիրքապահ» Քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում ՀԿ նախագահ Մանուել Մանուկյանի խոսքով, այս բողոքը պետք է շարունակվի: Վերջինս կոչ արեց իշխանություններին, որ չվախենան Եվրոպայից, այլ վախենան Աստծուց։ Նրա խոսքով իրենց՝ քառօրյա պատերազմի մասնակիցներին թույլ չեն տալիս մուտք գործել ԱԺ և ելույթ ունենալ, ապա այդ անձին իր կատարած ո՞ր գործի համար են ընդունել։

Ակցիայի մասնակիցներն ամբիոն էին բերել ԱԺ-ին նվիրելու համար, սակայն ոստիկանները չթողեցին, որ այն ներս մտցնեն։ Ակցիայի մասնակից Հրայր Կոստանյանը ոստիկաններին հիշեցրեց հոկտեմբերի 2-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որով ասվում էր․ «Այսուհետ ԱԺ-ն բաց է բոլոր ՀՀ քաղաքացիների համար», ապա ըստ Կոստանյանի. «Այդ ինչպե՞ս է ստացվում, որ մեր առջև փակում եք ԱԺ-ի մուտքը»։

Պատգամավորներից որևէ արձագանք չստանալով՝ ակցիայի մասնակիցները որոշեցին իրենք կազմակերպել հանդիպում և քանի որ իրենց ստացած տեղեկության համաձայն, ԱԺ պատգամավորները հանդիպել չցանկանալու պատրվակով հեռացել էին ԱԺ ետևի մուտքով, որոշեցին շարժվել դեպի ԱԺ ետևի մուտքի մոտ և այնտեղ հանդիպել նրանց, սակայն այնտեղ ակցիայի մասնակիցները հանդիպեցին միայն ոստիկաններին։

Ակցիայի մասնակիցներից Հրայր Կոստանյանը նշեց, որ աշխատանքային օրվա ավարտի պատճառով այսօր դադարելու են ակցիան։

Հասարակական գործիչ Վահագն Չախալյան էլ նշեց, որ ցանկանում են այս խնդրի լուծման կապակցությամբ ստեղծել շտաբ, որը առանց ցույցեր իրականացնելու փորձելու է այս խնդրին լուծում տալ։ Տեղեկացրեց նաև, որ վաղը՝ ապրիլի 9-ին, ժամը 17:00-ին հավաքվելու են Թումանյան 32 հասցեում: Հավաքվելու են ՀԿ-ների ներկայացուցիչներ և շահագրգիռ անձինք, ում մասնակցությամբ կհրավիրեն ժողով և կքննարկեն այս խնդրի լուծման տարբերակները։ Պարոն Չախալյանը կոչ արեց ներկաներին ակցիայի վերջում իրականացնել տարածքի մաքրություն։

Նշենք, որ ապրիլի 5-ին ԱԺ-ում հերթական նիստի ժամանակ առաջին անգամ ելույթ էր ունեցել հայ տրանսգենդեր անձանց համայնքի անդամ, «Իրավունքի կողմ իրավապաշտպան» ՀԿ նախագահ, տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը և այդ դեպքի պատճառով այսօր մի շարք կազմակերպություններ և անձինք կազմակերպել էին բողոքի ակցիաներ։

Արտյոմ Առաքելյան

 

Նույն շարքից