Ադրբեջանի լուսանկարչական ցուցահանդեսը միայն ծիծաղ է առաջացրել եվրոպացի խորհրդարանականների մոտ: Այս մասին փետրվարի 18-ին լրագրողներին հայտնել է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, ԵԽԽՎ-ի «Արեւելյան գործընկերության» ՀՀ պատվիրակության անդամ Վահե Էնֆիաջյանը՝ մեկնաբանելով փետրվարի 11-13-ին Բրյուսելում կայացած նիստի արդյունքները: Նիստի թեմաներից մեկը եղել է «Միջմշակութային երկխոսություն՝ «Արեւելյան գործընկերության» շրջանակում» զեկույցի նախագիծը, որի համահեղինակը Ադրբեջանի պատվիրակության անդամ Ջեյհուն Օսմանլին էր:
Ադրբեջանի պատվիրակությունը նաեւ լուսանկարների ցուցահանդես էր կազմակերպել՝ ազգային մշակույթը ներկայացնելու նպատակով: «Երեսունից ավելի լուսանկարների մեծ մասում պատկերված էին միայն սարեր, ոչխարներ եւ ձիեր», - ընդգծել է Էնֆիաջյանը:
Ըստ ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի՝ զեկույցում Ադրբեջանը փորձել է միջմշակութային հաղորդակցումը հանգեցնել կոնֆլիկտային գոտիներում մշակութային արժեքների պահպանմանը: