Հասարակություն գլխավոր 

Թող որևէ մեկը տպավորություն չստանա, թե մենք պատերազմի սպառնալիքից վախենալու ենք. Նիկոլ Փաշինյան

Մենք ասում ենք, որ պետք չէ մեզ վախեցնել պատերազմով, որովհետև մենք պատերազմից վախեցող չենք: Պաշտպանության նախարարը որևէ անտրամաբանական, ապակառուցողական բան չի ասել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե որևէ մեկը մեր դեմ պատերազմը սկսեց, մտածում է, որ Հայաստանը հանձնվելո՞ւ է, իհարկե ոչ: Ով նման բան է մտածում, միամիտ է: Մենք ասում ենք, որ մենք թիվ մեկ ջատագովն ենք, որ ԼՂ հարցը լուծվի բացառապես խաղաղ բանակցային եղանակով: Մենք ասել ենք, որ մեզանից կախված ամեն ինչ անելու ենք խաղաղության օրակարգն առաջ քաշելու համար: Բայց եթե մենք խաղաղության օրակարգից ենք խոսում, թող որևէ մեկը տպավորություն չստանա, թե մենք պատերազմի սպառնալիքից վախենալու ենք: Պատերազմի սպառնալիքից ինչքան մենք վախենալու բան ունենք, այդքան էլ Ադրբեջանն ու տարածաշրջանն ունեն, որովհետև պատերազմում փլավ չեն բաժանում: Մենք փորձելու ենք մեզ պարտադրված պատերազմի դեպքում խաղաղություն պարտադրել: Մեր պատերազմի նպատակը խաղաղությունն է լինելու: Դա մեր պատերազմը չի լինելու, որովհետև մենք չենք պատրաստվում որևէ մեկի դեմ պատերազմ սկսել, սակայն եթե մեր դեմ սկսեն, մենք խաղաղություն ենք պարտադրելու: Մենք առաջարկում ենք քիչ խոսել պատերազմի մասին, պետք չէ բանակցություններից առաջ ու հետո անընդհատ խոսել պատերազմի մասին: Մեր ուղերձը սա է»,-ասաց Փաշինյանը:

«Պետք չէ խաղաղության օրակարգին մեր նվիրվածությունը մեկնաբանել որպես թուլություն կամ վախ որևէ մեկից: Մենք վախ չունենք»,-հավելեց վարչապետը:

Նույն շարքից