Ես երբ իմացա նման բան կա, մտածեցի, որ դա լավ կազմակերպված պրովոկացիա է հեղափոխության և կառավարության դեմ: Այսօր՝ ապրիլի 9-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Ազգային ժողովում տրանսգենդերի հայտնի ելույթի և դրան հաջորդած իրադարձությունների մասին:
«Բայց կա հաջորդ երես. Դա մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նիստ էր, լսումներ էին: Հիմա հարց եմ տալիս՝ ՀՀ քաղաքացի Լիլիթ Մարտիրոսյանը մա՞րդ է, թե՝ մարդ չէ: Թող բոլորն այդ հարցին պատասխանեն՝ հոգևորականները, հանրապետականները, ԲՀԿ-ականները, պահպանողականները: Եկեք սկսենք այս եզրույթից»,-նշեց վարչապետը:
«Այն պահվածքը, որ այս ամեն ինչի վերաբերյալ ցուցաբերում է Նաիրա Զոհրաբյանը, կասկածի տակ է դնում Հայաստանում մարդու իրավունքների վիճակը: Ես կարծում եմ, որ ԲՀԿ-ն պետք է մտածի՝ արդյո՞ք Մարդու իրավունքների հանձնաժողովի իրենց թեկնածուն մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ է և ինքն ընդհանրապես համապատասխանո՞ւմ է այդ հանձնաժողովի նախագահ լինելու համար անհրաժեշտ նվազագույն չափանիշներին: Թե՞ ամբողջ խնդիրն այն է, որ կազմակերպեն քաղաքական պրովոկացիա և թիրախներն ուղղեն Իմ քայլը խմբակցության դեմ: Սա քաղաքական պրովոկացիա է»,-հավելեց Փաշինյանը: