Բարի օր Հասարակություն 

Իմ վախը վաղուց չափված է. Նաիրա Զոհրաբյանը՝ տրանսգենդերի ելույթի և հետագա զարգացումների մասին

analitik.am

Ապրիլի 5-ին ԱԺ-ում ՄԱԿ-ի, Նաիրա Զոհրաբյանի ղեկավարությամբ գործող հանձնաժողովի և ՄԻՊ-ի գրասենյակի կազմակերպած համատեղ լսման ժամանակ ելույթ էր ունեցել հայ տրանսգենդեր անձանց համայնքի անդամ, «Իրավունքի կողմ իրավապաշտպան» ՀԿ նախագահ, տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը։ Հիշեցնենք, որ ելույթից հետո հանձնաժողովի նախագահ Տիկին Զոհրաբյանը Լիլիթ Մարտիրոսյանին դուրս էր հրավիրել նիստերի դահլիճից:

Analitik.am-ը այդ դեպքի հետ կապված զրուցեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ։

Տիկին Զոհրաբյան, ինչպե՞ս ստացվեց, որ  հայտնի օրակարգով լսումների ժամանակ ամբիոնին մոտեցավ տրանսգենդեր կին:

Եռակողմ լսումները նախօրոք ծրագրված էին, և հստակ օրակարգ կար, որը հաստատվել էր Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում՝ հանձնաժողովի անդամների քվեարկությամբ: Օրակարգը տևական ժամանակ՝ 20 օրից ավել, տեղադրված էր ԱԺ-ի կայքում, և բոլոր այն ՀԿ-ները, որոնք զբաղվում են դատաիրավական բարեփոխումներով, հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով, կարող էին ներկա լինել լսումներին:

Բնականաբար որևէ մեկս չէինք կարող կանխատեսել, որ խորհրդարանական այդ լսումներին մասնակցելու հայտ կներկայացնի «Իրավունքի կողմ» անունը կրող ՀԿ, որը, պարզվեց, որևէ առնչություն չունի քննարկվող թեմաներից ոչ մեկի հետ:

Ես մնում եմ այն համոզմանը, որ հասարակական որոշ կազմակերպություններ, որոնք ևս որևէ առնչություն չունեին մեր լսումների օրակարգի հետ, նախապես տեղյակ էին: Ասեմ ավելին՝ դա այդ ՀԿ-ների հետ կազմակերպած սցենար էր, որի նպատակը շատ հստակ էր՝ էպոտաժ անել խորհրդարանում և ուղղակի կոռեկտ փորձել խորհրդարանական լսումները խանգարել: Կարծում եմ բոլորի համար պարզ էր, թե որ ՀԿ-ներն էին դահլիճում նստած և ովքեր դուրս եկան այդ անձնավորության հետ միասին: Այսինքն, սցենարը իրենց կողմից նախապես գծված էր, և քանի որ լսումների կազմակերպիչները չեն կարող այդքան մարդկանց հարցնել, թե ինչի մասին են խոսելու, մենք ենթադրել ենք, որ դահլիճում գտնվում են բացառապես այն ՀԿ-ները, ովքեր զբաղվում են օրակարգով հաստատված այդ 3 խնդիրներով:

Ելույթի իրավունք տվել եմ բոլոր հերթագրվածներին: Ինչպես արդեն տեսաք, ամբիոնին մոտեցավ այդ անձնավորությունը և ասեմ, որ սա իմ առաջին և ամենամեծ շոկն էր, որովհետև կյանքում ինձ երբևէ չէր հանդիպել նման կարգավիճակով անձնավորություն: Ես շոկի մեջ էի և առաջին 2 րոպեն նույնիսկ չեմ էլ լսել, թե ինչ է ասում:

Այդ ամենից ելնելով՝ շատերը կարծիք են հայտնում, որ պետք էր անմիջապես խոսափողը անջատել, իսկ ես՝ որպես հանձնաժողովի նախագահ, կարծում եմ, որ ճիշտ եմ վարվել: Այդ երևույթի ելույթն ինձ համար ոչ միայն շոկ էր, այլ նաև մեծ վիրավորանք, մեծ անարգանք, որ ինչ որ ՀԿ-ներ , ովքեր փորձում են իրենց օրակարգը առաջ մղել և իրենց իրավունքները իրացնել շատ կեղտոտ ձևով:

Ես որևէ վերապահում չունեմ և որևէ խնդիր չեմ տեսնում, որ նրանք որոշել են զբաղվել այդ մարդկանց խնդիրներով, դա իրենց իրավունքն է, այլ հարց է իմ համար ընդունելի է, թե ոչ: Նորից եմ կրկնում, դա անարգանք էր երկրի թիվ 1 ամբիոնի հանդեպ, իմ հանդեպ՝ որպես հանձնաժողովի նախագահի, և ընդհանրապես, անարգանք դահլիճում նստած բոլոր մարդկանց հանդեպ, ովքեր չէին եկել տրանսգենդերի տվայտանքները լսելու, այլ եկել էին լսելու այն օրակարգը, ինչով հրավիրվել էին խորհրդարանական լսումները։

Տեսակետ կա, որ որոշ պատգամավորներ տեղյակ էին, որ վերոնշյալ անձը պետք է մոտենա ամբիոնին և խոսի: Ի՞նչ կասեք այս մասով:

Չեմ ցանկանա որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտել, բայց միգուցե կային որոշ պատգամավորներ, ովքեր ճանաչում էին այդ «կնոջը», և եթե անգամ չգիտեին, թե նա ինչի մասին է խոսելու, կարող էին ենթադրել և բարձրայայնել: Դա համարում եմ անազնիվ, որովհետև նրանք կարող էին տեղեկացնել, որ դահլիճում այդպիսի մարդ կար, և ես կմոտենայի ու զուսպ ձևով կխնդրի, որ նրանք լքեն նիստերի դահլիճը: Եթե ցանկանում էին իրենց խնդիրները քննարկեին, կարող էին գրավոր ձևով դիմել ԱԺ-ին:

Ցավում եմ, որ այդ եղանակով փորձում են ինչ-որ արժեքներ արհեստական ձևով կիրառել ու քարոզել, ինչը արժանացավ մեր հասարակության զայրույթին:

Տիկին Զոհրաբյան գիտենք նաև, որ նրանք պահանջում են, որ ԱԺ էթիկայի հանձնաժողովը քննարկի իրենց հարցը, նամակներ են գրել Եվրոպայի խորհուրդ, ինչպես նաև սոցցանցերում Ձեր դեմ արշավ են սկսել՝ ասելով, որ պահանջում են Ձեր հրաժարականը: Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ:

Որևէ բան չեմ ասի, իրենց քայլերը ինձ բացարձակապես չեն հետաքրքրում, որովհետև որևէ անօրինական քայլ չեմ արել: Այդ անձնավությունն ու նրա հետ եկածները խախտել են կանոնակարգը, և դա ես ԱԺ ամբիոնից արձանագրել եմ: Մենք նման օրակարգ չենք ունեցել, և իրենց վարքագիծն էլ համարել եմ անարգանք ԱԺ-ի և այնտեղ նստած պատկառելի լսարանի նկատմամբ ու դուրս եմ հրավիրել նիստերի դահլիճից: Ամեն ինչ եղել է ԱԺ կանոնակարգ օրենքի և հանձնաժողովի հաստատած օրակարգի շրջանում:

Որպես հանձնաժողովի նախագահ՝ որևէ մեկի իրավունքը չեմ ոտնահարել, բայց թուլ էլ չեմ տվել, որ որևէ, մեկը կանոնակարգը խախտելով, ոտնահարի այնտեղ նստած 200-ից ավել անձանց իրավունքները:

Շատ մեծ հարց է, թե ով ում իրավունքն է խախտել և ում պետք է կանչել պատասխանատվության:

Տեղեկություններ կան, որ այդ համայնքի տարբեր ներկայացուցիչներ սոցցանցերով Ձեր հասցեին տարբեր սպառնալիքներ են ներկայացրել: 

Նրանց էջերին չեմ հետևում և չգիտեմ ինչեր են հնչեցնում: Միայն մի բան կասեմ՝ շատ ծիծաղելի վիճակում կհայտնվի այն անձնավորությունը կամ խումբը, որի մտքով կանցնի ինձ վախեցնել:

Համացանցում տեղեկություններ են տարածվել նաև այն մասին, որ Ձեզ թիկնապահ են տրամադրելու: Ինչքանո՞վ է դա հավաստի:

Իմ հայրենիքում ես որևէ մեկից պաշտպանվելու կարիք չունեմ և այս երկրում չկա որևէ մեկը, ով կարող է ինձ սպառնալ կամ վախեցնել: Իմ վախը վաղուց չափված է, և սա պետք է իմանան բոլոր նրանք, ում մտքով կարող է նման բան անցնել: Թող պաշտպանվեն նրանք, ովքեր իրենց ժողովրդի դեմ սխալ քայլ են արել, իմ խիղճը մաքուր է, իսկ քայլերս էլ արդար:

Օֆելի Իսրայելյան

 

Նույն շարքից