Բանակում ինքնասպանությունների նկատմամբ Պաշտպանության նախարարությունն ու ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը շատ հետևողական է լինելու՝ թե ուսումնասիրությունների, թե դրանց պատճառներն արմատախիլ անելու հարցում: Ամեն զինվորի կյանքն արժեք է բոլորիս համար: Նույն հրեաներն ասում են, որ մի կյանք փրկողն աշխարհ է փրկում: Ամեն ինքնասպանության մեջ կարող են շատ խորքային խնդիրներ լինել, և դրա մեջ մտնելը պետք է լինի բոլորիս խնդիրը: Ինքնասպանության դեպքերը պետք է զրոյի հասցվեն: Այս մասին ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Քոչարյանի խոսքերով, բանակում պետք է լինի եղբայրություն, քանի որ պատրեազմի ժամանակ հենց դա է հաղթել ու հաղթելու է. «Սակայն եղբայրություն ախպերությունը չէ: Ախպերությունը մենք արմատախիլ ենք անելու: Ախպերության դրսևորումներ մենք տեսանք Մեղրիի դեպքերի ժամանակ: Դա արմատացած երևույթ է, որը պետք է բանակից չեզոքացնել»: