Ազգային ժողովում քննարկում են վիճակախաղերի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որը ներկայացրել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը: Նախագծով առաջարկվում է նաև փակել բուքմեյքերական գրասենյակները՝ դրանց գործունեությունը թույլ տալով միայն կոնկրետ քաղաքներում: Սա Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի սրտով չէ:
Սարգսյանը նիստի ժամանակ հայտարարեց, որ կողմ է վիճակախաղերի արգելափակմանը, սակայն, քանի որ դրանց մեծ մասը տեղի են ունենում օն լայն տիրույթում, ինքը կտրականապես դեմ է գեթ մեկ գրասենյակ փակելուն. «Պարոն Ալեն Սիմոնյանն ասում է, որ Բժշկական համալսարանի դիմաց կա գրասենյակ, որտեղ կարող են խաղադրույք կատարել: Բայց պարոն Սիմոնյան, մենք մոռանում ենք, որ համալսարանի հենց լսարանում կարող են խաղադրույք կատարել: Այսինքն, մենք թողնում ենք, որ մարդը դասախոսության ժամանակ լսարանում խաղադրույք կատարի, սակայն ասում ենք՝ չանցնի դիմացի մայթ և խաղադրույք կատարի: Երբ մենք սկզբից ասում էինք, որ գրասենյակները փակելով բյուջեին միլիարդների վնաս ենք տալու, քանի որ մարդիկ գնալու են օն լայն տիրույթ, պարոն Սիմոնյանն ասում էր՝ դժվար է հեռախոսով խաղադրույք անելը: Իսկ 5 րոպե հետո նա իր առաջարկած մտքին հակասեց՝ ասելով բոլորի մոտ էլ հեռախոս կա, ինչու պետք է մարդը մտնի սև շուկա, հեռախոսով կանի: Պարոն Սիմոնյան, խնդրում եմ մի հակասեք ինքներդ Ձեզ: Ես Ձեզ շատ եմ հարգում, Դուք իմ պայքարի ընկերն եք, այդպիսին էլ կմնաք, սակայն ես չեմ կարող իմ խղճի առաջ լինել ազնիվ, եթե այս ամենի մասին չբարձրաձայնեմ»:
Սարգսյանի կարծիքով, գրասենյակներում խաղադրույք անելը ևս մեկ առավելություն ունի, քանի որ այսպես հնարավոր է վերահսկել, որ անչափահասները խաղադրույքներ չանեն, իսկ օն լայն տիրույթում դա հնարավոր չէ: Պատգամավորի խոսքերով, դա բացասական է նաև այն առումով, որ հարյուրավոր մարդիկ դառնալու են գործազուրկ:
Իշխանական ուժի պատգամավորը մի շարք այլ պատճառներ էլ ներկայացրեց, թե ինչու պետք է չփակել գրասենյակները՝ սկսած տարածքների վարձակալությունից, մինչև հարկերի վճարում: