Մենք 11 դատավորի թափուր տեղ ունենք և չենք կարողանում այդ տեղերը լրացնել: Դա պայմանավորված է պլանավորման սխալ ձևով: Երբ կադրերի պատրաստում է տեղի ունեցել, միայն հաշվի են առել թոշակի գնացող դատավորների թիվը: Սակայն, ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ դատավորների թոշակի գնալու արդյունքում առաջացնում է թափուր տեղերի միայն 45 տոկոսը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը:
«Այստեղ կան խնդիրներ՝ արդյո՞ք դատավորի կամ թեկնածուի համար կանխատեսելի ապագա կա, մի քանի առումներով՝ ոչ: Առաջին հերթին աշխատավարձը: Եվրոխորհրդի երկրների թվում Հայաստանում դատավորներն ամենացածր աշխատավարձն են ստանում: Երկրորդը սոցիալական անկախության երաշխիքներն են, որոնք ցածր են: Ենթադրենք՝ մարդուն նշանակում ես, գնում է Սյունիք, նա ի՞նչ երաշխիքներ ունի ապագան պլանավորելու համար: Մասսայական մարդիկ դիմում են, որ տեղափոխվեն Երևան, կամ Երևանին մոտ տեղեր: Դա հնարավոր չէ անել: Սակայն, այստեղ մարդկային առումով խնդիրներ գոյություն ունեն: Օրինակ՝ աղջիկը նշանակվել է Մեղրիում, ասում է՝ ուզում եմ ամուսնանալ, աքսորել եք, որ ընտանիք չկազմեմ, թող մեկ ուրիշը գա: Մեխանիզմ պետք է ձևավորվի, որպեսզի մարդուն տան երաշխիք, հեռանկար, որի պարագայում նա ճիշտ որոշում կայացնելու հնարավորություն կունենա»,-ասել է Հարությունյանը: