Հասարակություն գլխավոր 

Փոփոխություն, որը պետք է իմանան բոլոր վարորդները. Կառավարությունը նախագիծն ընդունեց

Այսօր՝ ապրիլի 11-ին կառավարությունն ընդունեց Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի ներկայացրած նախագիծը, որով վարորդներն այսուհետ իրավունք կունենան ավտոմեքենան կայանել հետիոտնային անցումներից անցնելուց հետո 5 մետր հեռավորության վրա:

Միևնույն ժամանակ մինչ անցումը ևս 5 մետրը պետք է պահպանել:

Նախագծում եղել են դրույթներ, որոնք վերաբերել են մգեցված ապակիներին: Ոստիկանապետ Օսիպյանը նշեց, որ նախագծի նախնական տարբերակով առաջարկվել է ընդհանրապես արգելել մգեցված ապակիները, երբ այն գործարանային արտադրության չէ: Օսիպյանի խոսքերով, իրենք առաջարկել են պահպանել գործող կարգը, քանի որ ոչ բոլոր վարորդները կարող են ձեռք բերել գործարանային ոչ մգեցված ապակիներ: Բացի դրանից, անհրաժեշտություն էր առաջանալու ձեռք բերել սարքեր, որոնցով ոստիկանության աշխատակիցները պետք է ստուգեին ապակին:

Ոստիկանապետը հիշեցրեց, որ հիմա արգելվում է դիմապակիի մգեցվածությունը, իսկ մնացածի մասով կա թույլատրելի տոկոս: Դիմապակու մասով  ևս կա գործարանային արտադրության որոշ տոկոսային մգեցվածություն, որը թույլատրվում է:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն իր հերթին բարձրացրեց հետիոտնային անցումների մոտ կայանվող ավտոմեքենաների հարցը, երբ դրանք այնպես են կայանվում, որ անհնար է լինում օգտվել թեքահարթակներից: Օսիպյանը նշեց, որ գործող օրենքով դա արգելվում է, առաջարկվող փոփոխությունները դրան չի վերաբերում՝ խոստանալով այսուհետ ավելի խիստ լինել այդ հարցում:

Նույն շարքից