Հասարակություն 

Թող չթպրտան, կպառկացնենք ասֆալտին. Միջադեպ՝ Ստրասբուրգում վարչապետի ու հայ համայնքի հանդիպման ժամանակ

Ստրասբուրգում Նիկոլ Փաշինյանի և հայ համայնքի հանդիպման ժամանակ միջադեպ տեղի ունեցավ:

Վարչապետին հարց ուղղող քաղաքացիներից մեկը հայտարարեց, որ ուզում է խոսել Կոտայքի մարզպետի աշխատելու ոճի մասին՝ նշելով, որ ինքը Նոր Գեղի գյուղից է. «Մարզպետը ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել գյուղապետի, հոկտեմբերի 21-ին արտահերթ ընտրություններ պետք է լինեին: Սակայն, ինչ-ինչ պատճառներով ընտրությունները հետաձգտվեցին մինչև փետրվար»:

Քաղաքացու խոսքերով, դա արվել է, որպեսի ՔՊ-ի ներկայացուցիչը մնա գյուղապետ, քանի որ ընտրությունների դեպքում շանս չէր ունենա հաղթելու. «Ես մարզպետի հետ զրուցել եմ, ասել եմ, որ ինչ անում է, անի շատ նուրբ, որովհետև գյուղ է, բոլորը ճանաչում են իրար, հետևանքներ են լինելու: Նա ինձ չլսեց, հետևանքներ եղան, 4 հոգի դանակահարվեց: Ռեպրեսիա եղավ դրանից հետո ԱԱԾ-ի կողմից: Դեմից լավ տղա խաղացին, հետո ռեպրեսիա արեցին ուրիշ ձևի: Ժամանակավոր գյուղապետը կռիվ է սկսում, հետո գնում ոստիկանություն, դրանից հետո էլ հայտարարում է, որ ոչ մի տեղ չի եղել: Դա մինչև հիմա շարունակվում է: Ձեր պատասխանն եմ ուզում լսել»:

Խոսացող քաղաքացին հայտարարեց, որ խնդիրներ կան նաև Չարենցավանի դպրոցի մասով, որտեղ տնօրենը մարզպետի ծանոթն է:

«Փաստորեն, Կոտայքի մարզպետն ա վարչապետը, իմ վրա խաբար չկա: Բոլոր տեղերում նրա բարեկամներն են»,-կատակեց վարչապետը:

Փաշինյանը նշեց, որ ընտրությունները չեն հետաձգվել, դրանք արվում են փուլերով. «Նախկինում գյուղապետի հրաժարականից հետո այսքան օրից հետո էին լինում…»,-ասաց վարչապետը:

Հետո զրույց սկսվեց հավաքվածների միջև, որի ընթացքում հարցը բարձրացնող քաղաքացին հայտարարեց. «Այսինքն՝ նոր Հայաստանում իրավունք չունե՞նք: Ես խնդրում եմ սա ընդունել որպես լավն ուզող: Շատ բաներ կան, որ Դուք չգիտեք, ես Ձեր դեմ բան չունեմ: Ուղղակի այս հարցն ավելի առաջ է գնալու: 4 հոգի արդեն դանակահարվել են»:

«Տվյալ պահը չի կարող առաջ գնալ: Եթե որևէ մեկը որևէ տեղ փորձի դանակահարությամբ հարց լուծել, բոլորը կպառկեն ասֆալտին: Բոլոր էտ գողականները, դանակով հարց լուծողները, պպզած հարց լուծողները պառկեցին ասֆալտին: Որևէ մեկը չփորձի թպրտալ»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը նշեց, որ բոլորը պատասխանատվության կենթարկվեն, եթե ապօրինություններ են եղել. «Եղել են ընտրություններ, ժողովուրդն իր ընտրությունը կատարել է»:

Քաղաքացին ասաց, որ եղել է կաշառք:

Այս խոսքերից հետո իրավիճակը որոշակի լարվեց, հավաքվածների միջև լեզվակռիվ սկսվեց:

Վարչապետն իր հերթին առաջարկեց հարցը բարձրացնողին հաղորդում տալ, որի հիման վրա պատասխանատվության կենթարկեն, իսկ եթե պարզվի, որ ցուցմունքը սուտ է, ցուցմունք տվողը պատասխանատվության կենթարկվի:

Լեզվակռիվը մի քանի վայրկյան էլ շարունակվեց, մինչև վերոնշյալ քաղաքացին հեռացավ:

  • 437
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 1
  •  
  •  
    439
    Shares

Նույն շարքից