Հասարակություն 

Կաշառակերության ու ամենաթողության այլընտրանքն այլասերվածությունը չէ. Արամ Խանզադյան

«Ապրիլի 12-ին` ժամը 13։00-ին, իրականացնելու ենք բողոքի ակցիա Ալեք Մանուկյան փողոցում՝ Հանրային ռադիոյի շենքի դիմաց՝ պահանջելու  չտարածել  ԼԳԲՏ-ների քարոզը, մաքրել  եթերը, այնուհետև շարժվելու ենք ՄԱԿ-ի գրասենյակ և նամակ ենք հանձնելու»,- այս մասին Analitik.am-ի հետ զրույցում տեղեկացրեց «Կամք» նախաձեռնության անդամ Արամ Խանզադյանը։

Նրա խոսքով, իրենք դա անում ենք հանուն հայ երեխաների ապագայի, քանի որ սեռափոխության վերաբերյալ այս իրադարձությունները հարվածում են  ազգային անվտանգությանը, ՀՀ ժողովրդագրական աճը բավականին աղետալի վիճակում է գտնվում՝ մոտ 1,16 տոկոս․ «Սա բոլորիս խնդիրն է,  և մենք պետք է մի կողմ դնենք մեր քաղաքական տարաձայնությունները և համախմբվենք»,- նշեց Արամ Խանզադյանը։

Խանզադյանը նաև տեղեկացրեց, որ իրենց նախաձեռնությունն ապրիլի 7-ին պահանջ է ներկայացրել ԱԺ և այդ պահանջի հիման վրա հաջորդ օրը ԱԺ-ի տարածքում իրականացրել  են ակցիա։ Իրենց պահանջը  եղել է ԱԺ-ում օրհնության արարողակարգ իրականացնելը և այն պատգամավորի մանդատը պահանջելն, ով հովանավորել է տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի ելույթն ԱԺ-ում։

«Կաշառակերության ու ամենաթողության այլընտրանքն այլասերվածությունը չէ, ոչ մի հայ որևէ պատգամավորի մանդատ չի տվել, որ այլասերվածություն քարոզի բարձր ամբիոնից»,-նշեց Արամ Խանզադյանը։

«Կամք» նախաձեռնությանը զարմացրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության վերաբերմունքն այդ ակցիային․ «Մյուս խմբակցության պատգամավորներն արձագանքեցին մեր պահանջներին, հանդիպում ունեցան ակցիայի մասնակիցների հետ, իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ոչ մի անդամ իր անհանգստությունը չհայտնեց»,- նշեց Արամ Խանզադյանը։

Նա նաև տեղեկացրեց իրենց հետագա ծրագրերի մասին․ ««Կամք» նախաձեռնությունն ապրիլի 13-ին՝ ժամը 17։00-ին, Ազատության հրապարակում հանրահավաք է իրականացնելու և կոչով դիմելու է հայ ժողովրդին՝ նրանց, ովքեր մտահոգ են իրենց երեխաների ապագայով»,- նշեց Խանզադյանն՝ ընդգծելով, որ իրենք գնալու են քաղաքից քաղաք, տնետուն և բոլորին դիմելու են իրենց կոչով։

Արտյոմ Առաքելյան 

Նույն շարքից