Վերլուծական Քաղաքականություն 

Հաշտվելու համար պետք է ասել ողջ ճշմարտությունը

analitik.am

Կարծես թե բոլորը համաձայն են, որ մեր հասարակությունը կարիք ունի հաշտեցման, լարվածության լիցքաթափման, անցյալի էջը վերջնականապես շրջելու: Բազմաթիվ երկրներում այդ նպատակներն իրականացնելու մեխանիզմ էր համարվում անցումային արդարադատությունը և, որպես դրա մաս, լյուստրացիան: Բայց եթե նման միջոցառումները իսկապես պետք է իրականացվեն, ապա դրանք չեն կարող անդրադառնալ միայն վերջին 10 տարիների իրադարձություններին:

Եթե, օրինակ, պետությունն ինչ-որ ձևով պետք է քաղաքական գնահատական տա ընտրությունների ընթացքում քաղաքացիների կամքի խեղումներին, ապա այդ քննությունը պետք է սկսվի 1995-96 թվականներից: Նույնը վերաբերում է կոռուպցիային, ոստիկանության կամայականություններին, չբացահայտված սպանություններին, իշխանավորների ամենաթողությանը, բիզնեսի և քաղաքական սերտաճմանը և այլն՝ այդ ամենի արմատները նույնպես 1990-ականների առաջին կեսում են:

Եթե ուզում ենք մարդկանց միջից թույնը հանել, ապա ամեն ինչի մասին պետք է մի անգամ մանրամասնորեն և վերջնականապես ասել՝ ոչ թե ինչ-որ մեկին պատժելու կամ հետապնդելու, այլ հակառակը՝ արձանագրելու և ներելու համար: Առավելագույնը, որը կարող է արվել «պատիժների» ուղղությամբ՝ ցմահ արգելել այս կամ այն նախկինում իշխող  կուսակցության բարձրագույն մարմնի անդամներին զբաղեցնել բարձր պետական պաշտոններ:

Բայց այս հարցում ներկայիս իշխանությունը խնդիր ունի: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի այսօրվա երկրպագուների մոտավորապես կեսը նաև Լևոն Տեր-Պետրոսյանի երկրպագուներն են, և եթե սկսվի ամբողջ 28 տարիներին օբյեկտիվ գնահատական տալու գործընթացը, ապա այդ՝ տեր-պետրոսյանական կեսը կնեղանա և երես կթեքի իշխանությունից:

Առավոտ

Նույն շարքից