Գոյություն չունի որևէ հիմք պնդելու համար, որ Ռոբերտ Քոչարյանը, գտնվելով ազատության մեջ, կարող է խոչընդոտել գործի քննությանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է երկրորդ նախագահի փաստաբաններից Հայկ Ալումյանը:
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Քոչարյանի պաշտպանական թիմի բողոքը, որը վերաբերում էր վերջինիս կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելուն:
Ալումյանի խոսքերով, դատարանի վճիռն իրավաբանության տեսանկյունից ծայրահեղ մեծ խախտում է. «Շատ կոպիտ ձևով Վերաքննիչ քրեական դատարանը խախտեց քրեական դատավարության օրենսգրքի բազմաթիվ նորմեր: Յուրաքանչյուր փաստարակն առանձին վերցված բավարար էր, որպեսզի պարոն Քոչարյանն անմիջապես ազատ արձակվի»:
«Պարոն Քոչարյանը երեկ ասաց՝ մենք իհարկե չենք կարող ակնկալել, որ դատավորը պետք է հերոս լինի, իսկ այս գործով այս փուլում միայն հերոսի հատկանիշ ունեցող դատավորը կարղ է կայացնել օբյեկտիվ որոշում: Այսինքն, բավարար չէ, որ դատավորը լավ իրավաբան ու լավ մարդ լինի` հաշվի առնելով այն ճնշումները որոնք կան: Ի դեպ, մենք արդեն տարբեր աղբյուրներից ավելի ստույգ տեղեկություններ ենք ստանում, թե ինչպես են այդ պատվերները հասնում դատավորներին: Ժամանակը երբ գա, դա կնեկրակայցվի՝ անուն առ անուն: Այս ամեն ինչը մի օր բացահայտվելու է, ստանալու է օրինական ընթացք, և օրինական լուծում է լինելու: Զսպանակը որքան զսպվի, մի օր նույնքան ուժով ետ է բացվելու»,-հայտարարեց Ալումյանը: