Քաղաքական 

Նոր իշխանությունները քայլ առ քայլ կրկնում են իրենց հոգևոր հայրերի` ՀՀՇ-ի սխալները

Պետության կառավարումը գիտություն է եւ մարդիկ դրան հասնում են տասնամյակների ու նույնիսկ դարերի ընթացքում: Կառավարման արվեստի սահուն փոխանցման համար ստեղծվում են հատուկ կառույցներՙ ինստիտուտներ, որոնք էլ դարերով կուտակված փորձը փոխանցում են մի սերնդից մյուսին:

Նախկինում նմանատիպ ինստիտուտներ էին թագավորական հարստությունները (դինաստիա), նախարարական տները եւ այլն: Նույնիսկ հայկական պետականության ոչնչացումից հետո էլ գոյություն ունեցող նախարարական տներըՙ Օրբելյանների, Պահլավունիների, Զաքարյանների եւ այլն, պահպանում էին ինքնավարություն, թեեւ արդեն այլ պետությունների հովանու ներքո:

Հետագայում, որպեսզի վերջնականապես ոչնչացվի հայկական պետականության նշույլները, վերացվեցին նախարարական այդ տները, այսինքն այն ինստիտուտները, որոնք կրում էին հայկական կառավարման ինստիտուտի հիշողությունները: Հայկական որոշակի ինքնավարություն պահպանվեց միայն Արցախում եւ Սյունիքում, որտեղ մնացել էին Մելիքների իշխանությունները:

Ժամանակի ընթացքում, երբ իշխանափոխությունը դարձավ ավելի արագ, քան նախկինում էր, սկսեց առավել կարեւորվել պետական ինստիտուտների նշանակությունը, որոնք կառավարման գիտելիքի եւ, ոչ պակաս կարեւոր, ավանդույթի ու հիշողության փոխանցումը մի կառավարչից մյուսին: Սակայն, երբ ոչնչացվում են այդ ինստիտուտները եւ դադարում է գործել կառավարման գիտելիքի սահուն փոխանցման գործընթացը, սկսվում է քաոս:

Այդ երեւույթըՙ կառավարման քաոսը, հատկապես նկատելի է հեղափոխություններից հետո, երբ իշխանության հասած նորելուկները նախ սկսում են ոչնչացնել կառավարման «հին» մեխանիզմներըՙ ինստիտուտները` փորձելով այն փոխարինել իրենցով: Սա է պատճառներից մեկը, որ յուրաքանչյուր հեղափոխությունից հետո սկսվում է պետական կառավարման անորոշություն, որը որպես կանոն հանգեցնում է տնտեսական կոլապսի, որից դուրս գալու համար տարիներ, իսկ երբեմն` տասնամյակներ են պահանջվում:

Ֆրանսիական հեղափոխությունից սկսած մինչեւ հայկական «թավշյան», այս ճշմարտությունը որպես օրինաչափություն կրկնվել է: Խուսափել հնարավոր է միայն, եթե նորելուկները հասկանում են տնտեսական ու նաեւ որպես հետեւանք քաղաքական կոլապսի հետեւանքներն ու իրենց պատասխանատվությունն այդ ամենում:

Սակայն եթե դա չեն հասկանում ու չկա պատասխանատվությունը ստաձնելու ցանկություն ու գիտակցություն, ապա հեղափոխական լոզունգները, որոնց հիմքում հնի ոչնչացումն է, վերածվում են գործողությունների ու, որպես կանոն, թացը չորի հետ խառնելու սկզբունքով, սկսվում է տնտեսական սրընթաց անկումըՙ աղքատացնելով բնակչությանը եւ սննկացնելով պետությանը: Համաշխարհային պատմությունը այս երեւույթներին ականատես է եղել տասնյակ անգամներ, այս ամենի մասին կան գրված հազարավոր էջեր, բայց կառավարման գրագիտության տարրական կանոնների բացակայությունը ամեն անգամ ստիպում է մեկ անգամ եւս ականատեսը լինել գրքային այդ ճշմարտությունների կրկնմանը:

Azg.am

Նույն շարքից