Բարի օր Հասարակություն 

Մարդկանց սևերի և սպիտակների բաժանելու հետևանքը.Անի Հովհաննիսյան

analitik.am

Յուրաքանչյուր հասարակություն բաղկացած է տարբեր շերտերից, որոնցից ամեն մեկն ունի իր մոտեցումները և աշխարհընկալումը: Սակայն, երբ հասարակության մեծամասնությունն իր վստահության քվեն, իր, այսպես ասած, համակրանքը տալիս է որևէ անձի, այդ անձը դառնում է ուղղորդման աղբյուր: Մարդկանց մեծամասնությունը հավատում, վստահում է այդ անձին այնքան ժամանակ, մինչև վերջնականապես հուսախաբ չի լինում: Հաշվի առնելով այն փաստը, որ մարդկանց մեծամասնությունն ավելի հանգիստ է, երբ կա հույս, սպասելիք՝նույնիսկ, եթե դա չհիմնավորված և ոչ ադեկվատ է, այդ անձից հիասթափվելու պրոցեսը կարող է երկար տևել:

Պատմությանը հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ մեկ անձը կարողացել է ոգեշնչել հազարների, տանել զարգացման, կործանման և այլն: Ինչո՞ւ է դա այդպես. Մարդիկ, վստահելով այդ անձին, սկզբնական շրջանում, առավել ևս,չեն էլ մտածում, որպեսզի հասկանան, թե ուր և ինչի է տանում այդ անձն իրենց, ուղղակի վստահում են նրա ամեն բառին:

Հետևաբար, երբ որևէ անձի հաջողվում է ունենալ այնպիսի սեր և վստահություն հասարակության մոտ, որ իր ամեն կոչն ընդունվելու է մեծամասնության մոտ առանց վերլուծվելու, այդ անձը պետք է գիտակցի, որ լրջագույն պատասխանատվություն է ստանձնել: Երբ հանրության սերը վայելող գործիչը բաժանում է մարդկանց սևերի և սպիտակների, լավերի և վատերի, իրավունք է տալիս իրեն սպիտակ համարողին բռնություն գործադրել մեկի նկատմամբ, ով սև է համարվում:

Պարտադիր չէ, որ ուղիղ տեքստով բռնության կոչ հնչի, շատ հաճախ կոդավորված տեքստերն ավելի ազդեցիկ բռնության կոչեր կարող են լինել:

Կարծում եմ՝ յուրաքանչյուր պետական պաշտոնյա, քաղաքական գործիչ, ում հաջողվել է ունենալ հասարակության վստահությունը, պետք է գիտակցի պատասխանատվության այս ահռելի չափը և ոչ թե հասարակությանը բաժանի լավերի ու վատերի, սևերի ու սպիտակների, ՀՀԿ-ականների և ՔՊ-ականների, այլ հակառակը՝ համախմբի բոլորին՝ հանուն ընդհանուր նպատակի: Հակառակ պարագայում բռնությունները, կրակոցները, միմյանց նկատմամբ ատելությունն ու անհանդուրժողականությունը մի օր վերածվելու են անկառավարելի քաոսի՝ քանդելով թե պետության, թե ազգի հիմքերը:

Անի Հովհաննիսյան

Նույն շարքից