Քաղաքականություն 

2 փոխվարչապետ, 12 նախարար. ԱԺ-ում քննարկում են կառավարության կառուցվածքի հարցը /ուղիղ/

analitik.am

ԱԺ պետաիրավական հանձնաժողովում քննարկվում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթը: Այն ներկայացրեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Նախագծով առաջարկվում է կրճատել փոխվարչապետերի թիվը՝ հանելով առաջին փոխվարչապետի պաշտոնը: Նախատեսվում է կրճատել նախարարությունների թիվը՝ այն հասցնելով 12-ի:

Առաջարկվում է միաձուլել Մշակույթի, Սպորտի և երիտասարդության հարցերի, ԿԳ նախարարությունները՝ ստեղծելով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

Առաջարկվում է Գյուղնախարարությունը միաձուլել Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ՝ ստեղծելով էկոնոմիկայի նախարարություն:

Առաջարկվում է միաձուլել Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը և Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը՝ ստեղծելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, որին կփոխանցվեն Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տրանսպորտին վերաբերող լիազորություններն ու գործառույթները: Այս նախարարությանն է հանձնվելու նաև Ջրային, Քաղաքացիական ավիացիայի, Պետգույքի կոմիտեները:

Առաջարկվում է Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախախարարությունը վերանվանել Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարարություն՝ կրճատելով նախարարության տրանսպորտի ոլորտի բոլոր լիազորություններն ու գործառույթները: Լիազորությունների մեջ ավելացվելու են թվայնացման գործընթացների և ռազմարդյունաբերության հետ կապված լիազորություններ, ինչպես նաև հետագայում նախարարությանը հանձնել ռազմարդյունաբերության կոմիտեին:

Առաջարկվում է Սփյուռքի նախարարությունը միավորել վարչապետի աշխատակազմի հետ՝ ստեղծելով Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի ինստիտուտ:

Արդյունքում լինելու են հետևյալ նախարարությունները.

1) աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը,

2) առողջապահության նախարարությունը,

3) արդարադատության նախարարությունը,

4) արտակարգ իրավիճակների նախարարությունը,

5) արտաքին գործերի նախարարությունը,

6) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը,

7) շրջակա միջավայրի նախարարությունը,

8) պաշտպանության նախարարությունը,

9) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը,

10) բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը,

11) Էկոնոմիկայի նախարարությունը,

12) ֆինանսների նախարարությունը:

Առաջարկվում է սահմանել, որ վարչապետի որոշմամբ կառավարության նիստը կարող է ամբողջությամբ անցկացվել դռնբաց: Առաջարկվում է նաև վարչապետի և կառավարության որոշումների հավելվածների ստորագրելու լիազորությամբ օժտել վարչապետի աշխատակազմի ղեկավարին: Փոխվարչապետերի որոշումների հավելվածները ստորագրվում են հենց փոխվարչապետերի կողմից:

 

 

Նույն շարքից