Հասարակություն 

Արտակարգ իրավիճակների ոլորտում ամրապնդվում է հայ-չեխական համագործակցությունը

Ապրիլի 15-ին ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, գնդապետ Արտակ Նահապետյանն ընդունեց Չեխիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության պատվիրակությանը:

Պատվիրակության կազմում էին Չեխիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության հրշեջ-փրկարարական ծառայության գլխավոր տնօրինության արտակարգ իրավիճակների պատրաստության վարչության պետ Յիրժի Մուսիլեկը, վիճակագրության և վերլուծության վարչության պետ Իվա Բրեյզովան, ինտեգրված փրկարար համակարգի վարչության պետ Մարտին Պավեկը:

Փրկարար ծառայության տնօրենը ողջունեց հյուրերին, ներկայացրեց տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների հետ Հայաստանի փրկարար ծառայության համագործակցության հաջող փորձը և համոզմունք հայտնեց, որ արտակարգ իրավիճակների բնագավառում չեխ գործընկերների հետ հետագա շփումները կլինեն երկուստեք արդյունավետ:

Հյուրերը կարևորեցին այցի շրջանակներում սպասվող աշխատանքային հանդիպումները, որոնց ընթացքում կքննարկվեն աղետների ռիսկի նվազեցման, աղետների ժամանակ հումանիտար օգնության առաքման, բնակչության պաշտպանության և հանրային իրազեկման հետ կապված բազմաթիվ հարցեր:

Փրկարար ծառայության տնօրեն Արտակ Նահապետյանը հույս հայտնեց, որ աշխատանքային հանդիպումների արդյունքում արտակարգ իրավիճակների բնագավառում երկու երկրները կունենան միմյանց հետ համագործակցության հստակ ծրագիր և տեսլական:

Հանդիպումից հետո Չեխիայից ժամանած հյուրերը հնարավորություն ունեցան շրջել Արտակարգ իրավիճակների նախարարության տարածքում, եղան Աղետների բժկության տարածաշրջանային կենտրոնում, ինչպես նաև ԱԻՆ հոգեբանական ծառայությունում, ծանոթացան ստորաբաժանումների տեխնիկական հագեցվածությանը և կարողություններին:

Չեխիայի հանրապետության ներքին գործերի նախարարության պատվիրակությունը Հայաստան է ժամանել ՀՀ ԱԻՆ և Չեխիայի հանրապետության ՆԳՆ միջև աղետների կանխարգելման և հետևանքների վերացման, հակահրդեհային և բնակչության պաշտպանության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրից բխող աշխատանքային պլանը քննարկելու նպատակով:

  • 3
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 1
  •  
  •  
    5
    Shares

Նույն շարքից