Բարի օր Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանն իշխանությունը զավթել է ստով և կեղծիքով. Նարեկ Սամսոնյան

analitik.am

Այսօր՝ ապրիլի 15-ին, ՍուտՆիկոլ նախաձեռնության ղեկավարներ Արթուր Դանիելյանը, Նարեկ Սամսոնյանը և Կոնստանտին Տեր-Նակալյանը համատեղ ասուլիս ունեցան՝ իրենց բերման ենթարկվելու հետ կապված: Նարեկ Սամսոնյանն ասաց այն մասին, թե ինչու է նախաձեռնությունը կոչվում ՍուտՆիկոլ. «Ինչո՞ւ սուտ Նիկոլ, որովհետև Նիկոլ Փաշինյանն իշխանությունը զավթել է ստով և կեղծիքով: Իր ասած քաղաքական հայտարարությունների 90 տոկոսն  ինքն հերթով սկսել է հերքել, մերժել , սկսել է անել հակառակն իր իշխանության հենց առաջին ամիսներին: Հանրության լայն շրջանակների համար արդեն իսկ տեսանելի են բոլոր այն ստերը, որոնք ասվել են գործող իշխանության կողմից: Մեր այն սիմվոլիկ ակցիան, որ սկսեցինք ապրիլի 1-ից, նպատակը հենց այն էր, որ բացահայտենք այդ ստի և կեղծիքի մթնոլորտը»:

Սամսոնյանը նաև նշեց, որ չնայած Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանին մեղադրում էր ստի և կեղծիքի մեջ, բայց իր իշխանությունն այսօր հիմնված է ամբողջությամբ ստի և կեղծիքի վրա.  «Թե ավելի շատ գրպանային ընդդիմադիրներ ունենալով, թե ավելի շատ գրպանային քաղաքացիական հասարակություն ունենալու առումով: Այսօր մենք իրականացրեցինք ակցիայի երկրորդ փուլը, որն, ըստ էության, բավականին խաղաղ բնույթ էր կրում և որևէ ձևով որևէ վարչական և առավել ևս քրեական պատասխանատվության տրամաբանության մեջ չէր տեղավորվում: Բերման ենթարկվելուց հետո էլ մենք դա ասեցինք: Մենք այսօր նաև հրավիրել ենք լրագրողներին, որ հայտարարենք մեր ակցիայի ավելի գործուն մասի մասին՝ այսօր մենք հայտարարում ենք դրամահավաք և մրցույթ»: Սամսոնյանը նշեց, որ ավելի ուշ կասեն, թե ինչի մասին է խոսքը:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Արթուր Դանիելյանը, Նարեկ Սամսոնյանը և Կոնստանտին Տեր-Նակալյանը, ինչպես նաև օպերատոր Գրիգոր Մինասյանը բերման էին ենթարկվել, քանի որ Երևանի որոշ հատվածներում ներկով գրում էին #sutNikol:

Նույն շարքից