Հասարակություն 

«Թավիշի» կողմից «մերժված» Սերժ Սարգսյանը շարունակում է վայելել ազատությունը

analitik.am

Բոլոր նրանք, ովքեր առնչություն են ունեցել հայկական իրավապահ մարմինների հետ՝ տուժողի կամ մեղադրյալի կարգավիճակում, թե մինչև «թավշյա տեղափոխությունը», թե այսօր գիտեն, որ մեծ ջանքեր և համառություն է պահանջվում իրենցից` օրինականության սկզբունքի բացակայության պայմաններում իրավունքի հարգման պահանջ ներկայացնելը:

Իրավունքի գերակայության և օրինականության սկզբունքի բացակայության մասին է վկայում առանց հիմնավորման ու պատճառաբանության, և անորոշ ժամկետով «Սասնա ծռերի» դատավարության հետաձգելը: Մինչդեռ սույն գործով նախնական կալանքի տակ  գտնվող իմ պաշտպանյալ Արմեն Բիլյանը, ով բացարձակ առնչություն չունի իրեն մեղսագրվող արարքի հետ  (ոստիկան Գագիկ Մկրտչյանի մահվան պատճառի) 2 տարի 8 ամիս է անօրեն գտնվում նախնական կալանքի տակ:

2019 թվականի ապրիլի 3-ից «Սասնա ծռերի» դատավարության դադարեցումը և Արմեն Բիլյանին նախնական կալանքի տակ պահելը, գործով կարևոր վկա սպանված ոստիկան Յուրա Տեպանոսյանի հայրիկի` Վահրամ Տեպանոսյանի բողոքին ընթացք չտալը, դատարանում նրա վկայությունը չլսելը փաստում է, որ «թավշյա» տեղափոխությունից հետո Հայաստանում շարունակում է զորեղ գտնվել «մերժված»  Սերժ Սարգսյանը:

Վահրամ Տեպանոսյանը հստակ մատնանշելով փաստեր բարձրաձայնում է, որ «Սասնա ծռերի»  գործով  տեղի չի ունեցել օրինական նախաքննություն և կեղծվել են իր որդու սպանության հետ առնչվող փաստական տվյալները: Նա իր որդու սպանության պատվիրատու է մատնանշում Սերժ Սարգսյանին:

Չնայած Նիկոլ Փաշինյանի այն պնդմանը, որ ինքը չի միջամտում դատական իշխանության գործունեությանը, դատարանների կողմից արձակված որոշումները վկայում են հակառակի մասին: «Մերժված» Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելը, ոչ միայն անհասկանալի է, այլ մատնում է «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի» տեղափոխության գործարքի կողմերին:

Հայաստանում դատաիրավական համակարգը շարունակում է գործել, որպես գործադիր իշխանության կցորդ: Այսպես կոչված «թավիշի» կողմից «մերժված» Սերժ Սարգսյանն էլ շարունակում է վայելել ազատությունը և անպատժելիությունը: Դեռ ավելին՝ նա «բեղուն» աշխատանք իրականացնելով պատրաստվում է տեղափոխության նոր փուլի իրագործման: Իսկ հազարավոր իրավազրկված Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ինչպես «մերժված» Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ, այնպես էլ այսօր շարունակում են բողոքներ ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, այս փուլում՝ ի դեմս Նիկոլի,  «թավշյա» կառավարության ընդդեմ Հայաստանի Հանրապետության:

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան՝  Զարուհի Փոստանջյան

 

Նույն շարքից