Քաղաքականություն 

Պետաիրավական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել կառավարության կառուցվածքի մասին նախագծին

analitik.am

Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ՝ օրակարգում ունենալով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,  «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական արարողակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին»,  «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Օրենսդրական փոփոխություններով որոշ նախարարություններ նախատեսվում է միավորել այլ նախարարությունների հետ, որի արդյունքում  ներկայիս 17-ի փոխարեն կգործեն 12-ը. Աշխատանքի և սոցիալական հարցերի, Առողջապահության, Արդարադատության, Արտակարգ իրավիճակների, Արտաքին գործերի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Շրջակա միջավայրի, Պաշտպանության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության, Էկոնոմիկայի, ինչպես նաև  Ֆինանսների նախարարությունները:

Առաջարկվում է կրճատել  նաև առաջին փոխվարչապետի պաշտոնը: Արդյունքում Կառավարությունը կունենա 2 փոխվարչապետ: Փոփոխությունների նպատակը, ինչպես նշել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, Կառավարության առավել արդյունավետ համակարգ ունենալն է: Նախարարի տեղեկացմամբ՝ նախարարությունների վերակազմակերպման փուլում կրճատվող աշխատատեղերը հիմնականում վերաբերում են քաղաքական և հայեցողական պաշտոններին? նախարարներին և նրանց տեղակալներին, օգնականներին, խորհրդականներին, մամուլի քարտուղարներին, նախարարների տեղակալների օգնականներին, ինչպես նաև քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոններից՝ գլխավոր քարտուղարներին և նրանց տեղակալներին:

Ակնկալվում է, որ անմիջապես կրճատման ենթակա կլինեն վերը նշված հաստիքները, որոնք մի քանի տասնյակ են:

Նախարարությունների վերակազմակերպման գործընթացի սկզբնական փուլում թվաքանակի այլ փոփոխություն չի նախատեսվում. միաձուլվող նախարարություններն իրենց բոլոր հաստիքներով տեղափոխվելու են նոր ստեղծվող նախարարության կազմ, բացառությամբ վերը թվարկված պաշտոնների, ինչպես նաև՝ կրկնվող (աջակցող) ստորաբաժանումների ղեկավար հաստիքների, որոնց պարագայում ակնկալվում է նախատեսել այլ՝ ավելի ցածր մակարդակի հաստիք, քանի որ երկու կամ երեք ստորաբաժանման ղեկավար հնարավոր չէ նախատեսել:

Ինչ վերաբերում է Սփյուռքի նախարարությանը, ապա այն կմիավորվի վարչապետի աշխատակազմին, որտեղ կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ: Այն կղեկավարի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը:  Ակնկալվում է, որ գրասենյակը կունենա 20-25 աշխատակից:

Փոփոխությունների կապակցությամբ իրենց տեսակետներն են հայտնել ՀՀ ԱԺ  «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան»   խմբակցությունների  պատգամավորներ: Մասնավորապես՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Կառավարության կառուցվածքի վերաբերյալ ուներ մոտ մեկ տասնյակ առաջարկներ, որոնք քվեարկության արդյունքում հանձնաժողովը չընդունեց:

Խմբակցության համար, ընդհանուր առմամբ, ընդունելի էր Կառավարության կառուցվածքի փոփոխությունը, սակայն ոչ այնպես, ինչպես առաջարկում է գործադիրը: Խմբակցությունն ունի իր տարբերակը, որը թե նախարարությունների թվով, թե բովանդակությամբ տարբերվում էր քննարկվող նախագծից: Ըստ այդմ՝ առաջարկվում էր պահպանել գյուղատնտեսության և մշակույթի նախարարությունները, ինչպես նաև ունենալ ԱԱԾ և Ոստիկանության նախարարություններ:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների մտահոգության հիմնական թեման կրճատվելիք աշխատողներն էին և նրանց սոցիալական պաշտպանվածությունը, ինչպես նաև մեկ նախարարի կողմից ղեկավարվելիք տարբեր ոլորտների արդյունավետության հարցը:

Կառարավության օրենսդրական նախաձեռնությունը տարբեր տեսանկյուններից դրական են գնահատել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, մասնավորապես նաև՝  հարակից զեկուցող Վահագն Հովակիմյանը:

Քվեարկության արդյունքում  օրենսդրական փաթեթն ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը, այն կընդգրկվի ԱԺ յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում: Բացի այդ՝ ՀՀ ԱԺ խորհրդին կառաջարկվի այն ընդգրկել խորհրդարանի առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում՝ քննարկման համար սահմանելով առնվազն երեք ժամ:

 

Նույն շարքից