Հասարակություն 

Ոչ Երևանը, ոչ բնակչությունը, ոչ էլ ներկա իշխանությունն ընդհանրապես կապ չունեն այդ պայմանավորվածությունների հետ․ Քաղաքապետ

Աղբով լցված աղբամաններ, օրերով չկատարվող աղբահանություն, քաղաքացիների արդարացի դժգոհություն: Երևանում սանմաքրման հիմնական պատասխանատուն լիբանանյան «Սանիթեք» ընկերությունն է: Այսօր ընկերությունը փաստացի չի կատարում pայմանագրային պարտավորությունները:

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը, անդրադառնալով աղբահանության անբավարար վիճակին, մասնավորապես, «Սանիթեք»-ի վերջին հայտարարությանը՝ ընդգծեց, որ հասարակությանը աղբահանության վատ վիճակի մասին տեղեկացնելու կամ զգուշացնելու փոխարեն, ընկերությունը պետք է կատարի պայմանագրից բխող պարտավորությունները:

«Երբ ընկերությունը եկել է Երևան աղբահանություն կազմակերպելու համար, ինքը ամեն ինչ տեսել է և սկսել է աշխատանքներն ըստ պայմանագրի: Ձեր որոշումն էր՝ մտնել այդ գործի մեջ, թե՝ ոչ: Որոշել եք գործառույթն իրականացնել՝ իրականացրեք: Եթե ինչ-որ ընդհատակյա պայմանավորվածություններ են եղել նախկին իշխանությունների հետ, դա ձեր խնդիրն է, մեր խնդիրը չէ: Ոչ Երևանը, ոչ բնակչությունը, ոչ էլ ներկա իշխանությունը ընդհանրապես կապ չունեն այդ պայմանավորվածությունների հետ: Եվ մեզ համար կա մի պայմանավորվածություն, դա պայմանագիրն է և այդ պայմանագրի ներքո մենք պետք է աշխատենք: Քաղաքապետարանը պայմանագրով նախատեսված բոլոր իր պարտականությունները կատարում է, դեռ ավելին»,- ընդգծելէ քաղաքապետը:

Երևանի քաղաքապետարանի և «Սանիթեք» ընկերության միջև կնքված պայմանագրի համաձայն, համայնքը իրավասու է չկատարված կամ թերի կատարված աշխատանքների դեպքում ընկերությանը ենթարկել տույժ ու տուգանքների: Որոշումն արդեն կայացված է:

«Այս պահին խոսքը տույժի մասին է՝ թերացման և չկատարված աշխատանքների, ամեն ուշացված օրվա համար 0,5% պայմանագրի գումարից: Համաձայն խախտումների, որոնք արձանագրվել են մայրաքաղաքի վարչական շրջաններում, գումարային առումով տուգանքի գումարը կկազմի 12-13 մլն դրամ: Որոշումը կայացված է, տուգանքը փաստաթղթավորվում է, ընկերությանն իր մարտ ամսվա ծառայությունների հասանելիք գումարից վճարվել է 13 մլն դրամով պակաս»,- նշում է Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը:

Մայրաքաղաքում աղբահանության կազմակերպմանն առնչվող ներկա վիճակը հնարավորինս շտկելու նպատակով տեղերում ինքնաթափ մեքենաներ են վարձվել, որոնք որքան կարող են մաքրում են այն աղբը, որը չի հասցնում տեղափոխել «Սանիթեքը»: Աղբահանության օպերատորը նաև ենթակապալառու ընկերությունների հանդեպ ֆինանսական պարտավորություններ ունի, ինչի հետևանքով վերջիններս հրաժարվել են կատարել իրենց գործառույթները:

«Եթե աղբը 4-5 օրով չի տեղափոխվում՝ պարզ է, թե քաղաքում ինչ կկատարվի: Ջերմաստիճանն էլ արդեն 20 աստիճանից բարձր է, և այդ պարագում օրական գոնե երկու անգամ պետք է աղբահանություն իրականացվի: Տանում ենք բոլոր աշխատանքները, որ քաղաքում հակասանիտարական վիճակ չստեղծվի»,- նշում է քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանը:

«Կարող եմ հստակորեն ասել, որ առայսօր մենք չվճարումներ, թերի վճարումներ կամ որևէ այլ պահումներ չենք իրականացրել մեկ նպատակով, որպեսզի առանց այդ էլ խարխուլ և ֆինանսապես անկայուն վիճակում գտնվող ընկերությանը չկանգնեցնենք նոր խնդիրների առաջ, որի ուղղակի սպառողն ենք մենք: Եվ եթե այս պատճառների կծիկը մենք էլ մեր կողմից մեծացնում ենք նշանակալիորեն, ապա դա բերում է ավելի վատ հետևանքների, իսկ սա այն ոլորտը չի, որտեղ օրերի և ժամերի ընթացքում լուծումներ կարող են ձևավորվել: Դրա համար պետք է ավելի հավասարակշված, համաչափ և զուգընթաց խնդիրները տանենք լուծման: Այս պահին քաղաքապետարանը թե ֆինանսական, թե իրավական բոլոր պարտավորությունները կատարում է»,- ասում է Հայկ Սարգսյանը:

Երևանի քաղաքապետարանը շարունակելու է հետևողական լինել, և ցանկացած թերացում, չկատարված աշխատանք այսուհետ ևս ըստ պայմանագրի համապատասխան վերաբերմունքի է արժանանալու: Հաճախ քաղաքում աղբահանության անբավարար վիճակի մասին լուսանկարներով տեղեկացնում են նաև բնակիչներն ու սոցիալական ցանցերի օգտատերերը՝ դրանով իսկ նպաստելով քաղաքն աղբից մաքրելու գործընթացին:

  • 18
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 1
  •  
  •  
    20
    Shares

Նույն շարքից