Քաղաքականություն 

Դեսպան Փոլադյանի հանդիպումը Իրաքի մուսուլմանական հոգևոր առաջնորդների հետ

analitik.am

Ապրիլի 15-ին Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը դեսպանությունում ընդունեց Իրաքի Կրոնական ազգային խորհրդի նախագահ Շեյխ Յուսեֆ ան-Նասրիին (Shaykh Yousif Al-Nasri), Իրաքի կառավարությանը կից Համակեցության և համայնքային խաղաղության մշտական հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև՝ նրանց ուղեկցող հոգևորականների պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում մուսուլմանական հոգևոր առաջնորդները ներկայացրեցին Իրաքում ազգային և կրոնական միջհամայնքային փոքրամասնությունների համագործակցության ամրապնդմանն ուղղված աշխատանքները՝ ընդգծելով իրաքահայ համայնքի և Հայ Առաքելական եկեղեցու Իրաքի թեմի անգնահատելի դերն այս գործում՝ հատկապես պատերազմական և դրան հաջորդած ժամանակահատվածում։

Հոգևոր առաջնորդների հետ հանդիպմանը քննարկվեցին նաև Հայոց ցեղասպանության հետ առնչվող հարցեր։ Իրաքի Կրոնական ազգային խորհրդի նախագահ Շեյխ Յուսեֆ ան-Նասրին, խստորեն դատապարտելով Օսմանյան կայսրությունում իրականացված անմարդկային ոճրագործությունը, ընդգծեց, որ թուրքական ներկա իշխանությունները, հանուն իրենց սերունդների, պետք է հայցեն հայ-ժողովրդի ներողամտությունը կատարվածի համար։

Հանդիպման վերջում հոգևոր առաջնորդները փոխանցեցին իրենց ողջույններն ու բարեմաղթանքները Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին՝ շեշտելով Իրաքում կրոնական և ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրաքյան իշխանությունների պետական հոգածությունը՝ կարևորելով հատկապես Իրաքի բազմազգ և բազմակրոն խճանկարում երկու ժողովուրդների միջկրոնական համերաշխությանն ուղղված կապերի զարգացման անհրաժեշտությունը։

 

Նույն շարքից