Հասարակություն 

Հայաստանը տրանսգենդերի հետ կապված լուրջ խնդիրներ է ունենալու. Մարուքյանը մեղադրում է լրագրողներին

Այսօր՝ ապրիլի 16-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, պատասխանելով հարցին, թե ինչու են մինչև հիմա խուսափում կարծիք հայտնել Ազգային ժողովում տրանսգենդերի ելույթի թեմայի մասին, ասաց, որ իրենք չեն խուսափում դրանից. «Ինչ վերաբերում է խորհրդարանական լսումներին, ապա հրավիրված մարդիկ են եղել, ովքեր ելույթ են ունեցել: Երբ մենք լսումները կհրավիրենք և մարդկանց կհրավիրենք, դրա հետ կապված հարցերին կարող ենք պատասխանել»:

«Ավելին ասեմ, նաև լրագրողների շնորհիվ, այդ հարցն այդքան շահարկելու արդյունքում, ԵԽԽՎ-ում բանաձևի նախագիծ է դրվել շրջանառության մեջ, որտեղ խոսվում է Հարավային Կովկասում միասեռական փոքրամասնությունների և տրանսգենդեր անձանց իրավունքների ոտնահարումների մասին: Այնտեղ դոմինանտ հատված կա Հայաստանին վերաբերող, որը խորհրդարանից դուրս տեղի ունեցած քննարկումների արդյունք է: Հայաստանը հիմա դրա հետ կապված խնդիրներ է ունենալու: Շնորհակալություն լրագրողներին, որ շատ հետևողական կերպով այնպես արեցիք, որ Հայաստանի հետ կապված խնդիր առաջանա»,-ասաց Մարուքյանը՝ հավելելով՝ եթե նախագիծն ընդունվի Հայաստանը լինելու է դատապարտվող երկրների ցանկում:

Մարուքյանի խոսքերով, ինքը չի ասում, որ պետք էր չլուսաբանել, բայց պետք է լուսաբանվեր նաև այլ հարցերը, իսկ ինքը երկրից դուրս է գտնվել այդ ժամանակ և տպավորություն է ստացել, որ միայն դա է քննարկվում Հայաստանում. «Այդ բանաձևով մեզ ու Ադրբեջանին դնում են մեկ հարթության մեջ, ինչը շատ վատ է»:

 

Նույն շարքից