Այսօր անտեղի ԱԺ ամբիոնը չարաշահվեց և առանձին դեպքերում խնդիրն անձնականացվեց, ինչի համար ուզում եմ ներողություն խնդրել մեր քաղաքացիներից: Այսօր՝ ապրիլի 16-ին, խորհրդարանում հայտարարությունների ժամին հայտարարեց ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը:
«Խոսքս ուզում եմ ուղղել իմ ավագ և փորձառու գործընկեր տիկին Զոհրաբյանին, ով իրեն թույլ տվեց բառախաղի ենթարկել իմ անունը: Տիկին Զոհրաբյան, իմ ինտելեկտը, հումորի զգացումը, նաև Ձեր անցած ճանապարհն ինձ հնարավորություն տալիս են համարժեք պատասխանել, բայց ես դա չեմ անի, որովհետև պահն է, որ փորձառուները մի քիչ խորությամբ վերանայեն իրենց անցած ճանապարհը, որոշեն, որ կան գծեր, որոնք պետք է չհատվեն, նոր մշակույթ պետք է ձևավորվի: Ես Ձեզանից հրապարակային ներողություն չեմ ակնկալում, բայց ես վստահ եմ, որ հանգիստ միջավայրում կարող եք սրա մասին խորհել և վերանայել Ձեր մոտեցումը: Անուն, արտաքին տեսք և այլն, և այլն, դրանք այն ոլորտները չեն, որոնց վրա պետք է ժամանակ ծախսել»,-ասաց Դանիելյանը:
Նաիրա Զոհրաբյանն իր հերթին նշեց, որ ամաչելու բան չունի իր անցած ճանապարհի համար:
Իմ քայլի պատգամավորը նաև նշեց, որ ԲՀԿ-ում այսօր նստած են պատգամավորներ, ովքեր ԱԺ-ում հայտնվել են Նիկոլ Փաշինյանի շնորհիվ, քանի որ Իմ քայլի ստացած քվեների ավել լինելու հանգամանքով է նաև դա պայմանավորված: