Հասարակություն 

ՍԴ դատավոր չընտրված Գոռ Հովհաննիսյանը կվերադառնա Գերմանիա

Հարցերից ու ելույթներից հետո արդեն կարելի էր այսպիսի արդյունք ակնկալել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանը, ում Ազգային ժողովը չընտրեց այդ պաշտոնում:

Հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ չընտրվելը կապ ունի Մարտի 1-ի մասով իր կողմից հստակ գնահատական չտալու հետ, Հովհաննիսյանը նշել է, որ չի կարող այդ հարցին պատասխանել՝ հավելելով, որ հստակ պատասխան տալ մի հարցի, որը 10 տարուց ավել չի լուծվում, այդքան էլ հեշտ չէ. «Ես մի քանի անգամ նշեցի, որ ՍԴ-ն քաղաքականությամբ չի զբաղվում, քաղաքական մարմին չէ, հետևաբար ինձանից քաղաքական գնահատական ակնկալել ճիշտ չէր» :

Հովհաննիսյանը չգիտի, թե ինչու Ազգային ժողովը որոշեց չընտրել իրենց, սակայն նա պնդում է, թե բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել է, որ նախապայմանները բավարարում է. «Պարոն Բաղդասարյանը, ով անձամբ հաշվել էր և համոզվել, որ նախապայմանները բավարարում եմ, դրանից հետո նույնիսկ հայտարարեց, որ չեմ բավարարում, ինչն ինձ համար անհասկանալի է» :

Դատավորի թեկնածուի խոսքերով, ինքը տպավորություն է ստացել, որ խորհրդարանում իրենից հստակ քաղաքական գնահատականների էին ակնկալում. «Ես դրա համար լրացուցիչ ևս մեկ անգամ պարզաբանեցի, որ հատուկ խուսափել եմ քաղաքական գնահատական տալուց, քանի որ իմ կարգավիճակում դա սխալ կլիներ» :

Հարցին, թե հիմա, երբ չընտրվեց, գնալո՞ւ է Հայաստանից, Հովհաննիսյանը պատասխանել է, որ Հայաստանում գտնվում էր 2 շաբաթով, ինքը  կոնկրետ պարտավորություններ ունի իր գործատուների հետ և պետք է կատարի դրանք, իսկ եթե ընտրվեր ՍԴ դատավոր, միևնույնն է՝ միանգամից չէր տեղափոխվելու Հայաստան, քանի որ ժամանակ էր պետք գործատուների հետ պայմանագրային պարտավորությունների հարցը կարգավորելու համար:

 

 

Նույն շարքից