Կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու արդյունքում քանի՞ աշխատող է ազատվելու աշխատանքից: Ազգային ժողովում կառավարության կառուցվածքի մասին նախագծի քննարկման ժամանակ, դիմելով Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին, հարցրեց ԲՀԿ-ական պատգամավոր Արթուր Գրիգորյանը:

Նախարար Զեյնալյանը նշեց, որ մինչև կառավարության կառուցվածքը փոխելն, արդեն նախարարությունների ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ներում օպտիմալացում եղել է, հաստիքներ են կրճատվել, որոնք եղել են անիմաստ. «Դրանք գուցե նպատակ են հետապնդել մարդկանց ապահովել աշխատանքով իշխանության վերարտադրությունն ապահովելու համար:
Երբ միաձուլում լինի, մի քանի տասնյակ մարդ միանգամից կկրճատվի: Խոսքը քաղաքական և հայեցողական պաշտոնների մասին է: Մի քանի 100 մարդ ոչ թե կդառնան գործազուրկ, այլ կլինեն ռեզերվում: Դա գործազրկություն չէ, պետք չէ դրանք ներկայացնել որպես հոմանիշ: Դրանք լինելու են կադրային ռեզերվում, և առաջարկվելու է համարժեք պաշտոն՝ համապատասխան օրենքով սահմանված ընթացակարգերի համաձայն»: