Օպտիմալացումը կատարվում է կառավարության ինտուիցիայի հիման վրա: Այս մասին խորհրդարանում կառավարության կառուցվածքի մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով չուզեցավ կասկածի տակ դնել կառավարության և առանձին անդամների ինտուիցիան, սակայն նշեց, որ այս պարագայում, երբ աշխատատեղեր են կրճատվելու, ինքը նույնիսկ Վանգայի ինտուիցիայի վրա հույս չէր դնի:
«Ի՞նչ է լինելու գործազուրկ լինող հպարտ քաղաքացիների հետ: Ասում են՝ մնալու են ռեզերվում, նստելու են պահեստային նստարանին»,-ասաց պատգամավորը:
Խոսելով մասնավորապես Մշակույթի նախարարության չլինելու մասին՝ Զոհրաբյանը նշեց, որ Հայաստանն այսօր միջազգային շուկայում մրցելու եզակի բրենդ ունի՝ մշակույթը. «Եթե ժամանակին որոշ նախարարներ մշակույթի ոլորտի քաղաքականության հիմնաքար համարել են մահացած որևէ հայտնի արվեստագետի պանիխիդայի մենյուն կազմելը, դա հիմնավոր պատճառ չպետք է լիներ մշակույթի նախարարության դուռը փակելու համար»:
ԲՀԿ-ական պատգամավորը խոսեց նաև ՊՈԱԿ-ների միաձուլման մասին. «Այդպես էլ չհասկացանք, թե ինչ էին մտածել, ինչ էին ուզում անել և որ ամենասարսափելին է՝ ինչեր կարող են անել: Գաղափարը ցնցող էր, օրինակ իրար միացնել Կոմիտասի քառյակն ու Կոմիտասի տուն-թանգարանը: Այս տրամաբանությամբ կարող են միացնել Կոմիտասի անվան փողոցը և Կոմիտաս անունով տղաներին: Որևէ արտառոց բան չկա, եթե Մշակույթի այս պահին պատասխանատուի համար Սոս Սարգսյանը ժանր է, իսկ Օպերան թատրոն չէ, ոչինչ չի կարելի բացառել»:
Զոհրաբյանը նշեց, որ իրենք դեմ են քվեարկելու, քանի որ չեն ստացել հարցերի պատասխանը, թե որն է օպտիմալացման բուն պատճառը և այլն։