ԱՆԿԵՂԾ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՇԵՇՏԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Իմ քայլը խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը իր ելույթում արդարանում է․
«Իրավիճակը աննախադեպ է։ Այսինքն նմանօրինակ նախադեպ և մենք չենք կարող այդ նախադեպը ուսումնասիրել, փորձը ուսումնասիրել, պատմությունը ուսումնասիրել, դրա հիման վրա անել եզրակացություններ ապագայի մասին և ասել ահա այս գիտական մոդելը ընկած է կառավարության կառուցվածքի հիմքում։ Եվ աննախադեպ իրավիճակը ինչպես ամենուր աշխարհում մեծացնում է նաև անձերի դերը ի հակակշիռ ինստիտուտների․․․Իրողությունները և պրոցեսները, որ մեր երկրում տեղի են ունենում շատ դժվար չափելի են։ Եվ տնտեսական աճը, որը մենք կունենանք տարվա վերջում, թվերով շատ դժվար չափելի են և մենք նույնպես չենք պատկերացնում այն գործընթացները, որոնք տեղի են ունենում և տեղի կունենան առաջիկայում»։
Այս ելույթը խոսում է հետևալի մասին․
-Իշխանությունը չի գիտակցում, որ ժամանակավոր կառավարության կարգավիճակ այլևս չունի և տեղի են ունեցել ընտրություններ, որտեղ խոստացվել են ինստիտուցիոնալ բարեփոխումներ։ Հայաստանում իրավիճակն աննախադեպ էր 2018 թվականի ապրիլից մինչև դեկտեմբեր ամիսը։ Հիմա աննախադեպ վիճակ չկա։ Կա վիճակ, որը պետք է շտկել հստակ և վճռական բարեփոխումներով։
-Գիտական նոր մոդելների փնտրտուքով պետք չի զբաղվել։ Եթե դուք երկրի զարգացման ինստիտուցիոնալ տեսլական չունեք, ապա մենք ունենք։ Լուսավոր Հայաստանը գիտի ինչպես անել, որպեսզի ունենանք զարգացած ինստիտուտներով և բարձր հաշվետվողականությամբ խորհրդարանական երկիր։ Քաղաքական կամք դրսևորեք և արեք դա։
-Կրկին արդարացվում է անձերի դոմինանտության դերը, ինչը հասկանալի է, որովհետև պառլամենտի քաղաքական մեծամասնությունը լիովին չի գիտակցում իր քաղաքական պատասխանատվությունը և այս ելույթում հնչեցրած միտքը նուրբ ակնարկ էր նախ և առաջ ՀՀ վարչապետին, նրա գերկարևորությանը։
-Ելույթում պարոն Կարապետյանը մեզ նախապատրաստեց այն բանին, որ տարվա վերջում տնտեսական աճի ցուցանիշներ չուզեք, չենք կարող ցույց տալ։ Դե հասկանում եք իրավիճակը աննախադեպ է։
-Նշվեց նաև, որ իրենք պատկերացումներ չունեն, թե ինչ տեղի կունենա առաջիկայում։
Հարգելի պարոն Կարապետյան դուք պատկերացումներ չունեք,
որովհետև դուք ընտրություններին տեսլական չունեիք, որովհետև տեսլականով և շոշափելի, չափելի բարեփոխումներով Կառավարության ծրագիր չունեիք,
որովհետև դուք միայն ձեր խոստացածը չկատարելու արդարացումներ ունեք։
Սարսափելի է, երբ իշխանությունը պատկերացումներ չունի, թե ինչ է սպասվում առաջիկայում, այնինչ ապագան գծագրելը իրենց գործն է։ Ընդդիմության գործը՝ այն մշակելն է։
Հ․Գ Պարոն Կարապետյան, դուք չեք թողնում ու չեք թողնելու հին համակարգի կարծրացած բուրգերը (ինչպես նշված է ելույթում), որովհետև չեք ուզում։
ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյան