Մեկ տարի առաջ պարոն Փաշինյանը մեզ հետ քննադատում էր, որ կառավարության կառուցվածքում կան մարմիներ, որոնք դուրս են ԱԺ վերահսկողությունից: Ուժայինները մի կողմ ենք դնում, հիմա էլ Սփյուռքի նախարարությունը հանվում է և մտցվում վարչապետի աշխատակազմ: Այն կրկին լինելու է խորհրդարանական վերահսկողությունից դուրս, և միայն վարչապետը գիտի, թե ինչով է սփյուռքի հարցերով հանձնակատարը զբաղվելու: Այս մասին խորհրդարանում կառավարության կառուցվածքի մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:
Գորգիսյանի խոսքերով, այսօր Արտակ Զեյնալյանը հայտարարում է, որ մեծամասնություն են, կառավարությունը գիտի, թե ինչ է անում, ընդդիմությունը գործ չունի: Պատգամավորը հիշեցրեց, որ մեկ տարի առաջ նման հայտարարություններ անում էր Դավիթ Հարությունյանը՝ հավելելով, որ կառավարությունը պարտավոր է կետ առ կետ քննարկել ընդդիմության առաջարկությունները և հիմնավորել, թե ինչու են դրանք մերժվում:
Անդրադառնալով ստեղծվելիք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ Գորգիսյանը նշեց, որ կրթության ոլորտում ահռելի խնդիրներ կան. «Բառացիորեն օրերս դպրոցի դասատուները ցուցմունք են տվել, թե ինչպես է եղել, որ դասի ընթացքում երեք աշակերտ հղիացել են: Մենք ունենք այս կարգի խնդիրներ: Ուսուցիչները հեղինակազրկվել են, որովհետև նախարարը նրանց անվանում է կեղծարար: Տնօրենը ծնող է կանչում, ծնողը տնօրենի սենյակից զանգում է նախարարին, նախարարն էլ առանց հարցնելու, թե ինչ է եղել, սկսում է մունաթ գալ տնօրենի վրա»: