Քաղաքականություն 

Մենք իշխանություն կրծելու խնդիր չունենք. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Շարունակում եք արդյո՞ք Դուք մնալ այն կարծիքին, որ վարչապետի ձեռքում չափից ավելի լիազորություններ կան կենտրոնացած: Այս մասին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Շաքե Իսայանը:

Վարչապետը նշեց, որ եթե խոսքը վերաբերում է ԱԱԾ-ին և Ոստիկանությանը, ապա դրանք մի տարի է, որ վարչապետի ենթակայության տակ են. «Երբ դրանք եղել են նախարարություններ, այդ մարմինների հետ կապված հարցերը պակաս չեն եղել»:

Վարչապետի խոսքերով, եթե խոսվում է նշյալ մարմինները նախարարություն դարձնելու մասին, պետք է պատասխանել հարցին, թե ցանկություն կա արդյո՞ք, որ օրինակ ոստիկանապետը լինի քաղաքական գործիչ. «Ինչ վերաբերում է լիազորություններին, ապա ուզում եմ հարց տալ՝ արդյո՞ք ԱԺ-ն օգտվում է այն լիազորություններից, որոնք ունի: Օրինակ իմ տրամաբանությամբ Ազգային ժողովում տարբեր հարցերով պետք է 5-6 քննիչ հանձնաժողով ստեղծված լիներ: Ինչո՞ւ չի ստեղծվում: Լիազորություններից պետք է օգտվել: Կամ այսօր ինչ-որ մեկը կարող է  ինձ մեղադրել լիազորությունները չարաշահելու, թափանցիկ չլինելու մե՞ջ: Ի վերջո իշխանության հակակշիռների և փոխզսպումների մեխանիզմ պետք է լինի, մասնավորապես կոռուպցիայի դեմ պայքարի մարմին պետք է ունենանք: Մինչև այդ հարցը չլուծենք, ԱԱԾ-ի մասին առնվազն 5 անգամ պետք է մտածենք: Ենթադրենք այս պահին կա ՆԳ նախարար և ԱԱ նախարար ու ՔՊ-ի երկու անդամներ նախարարներ են, դրանից հաստատ ընդդիմությանն ավելի լավ չի լինի, չեմ ասում թե ավելի վատ է, բայց հաստատ ավելի լավ չի լինի»:

Վարչապետը նաև նշեց, որ այսօր իրենք իշխանություն կենտրոնացնելու, ճանկռելու, բռնելու, կրծելու, գրկելու խնդիր չունեն, ժողովրդի վստահության քվեով կառավարություն են, իսկ վաղը կարող են ժողովրդի քվեով չլինել կառավարություն:

Նույն շարքից