Հասարակություն 

Աշակերտների աթոռներին նստած են ծնողները. Ինչ է կատարվում Արամուսի դպրոցում /լուսանկարներ/

analitik.am

Արդեն երկու շաբաթ է ինչ Արամուս համայնքում աշակերտները չեն հաճախում դպրոց, պատճառը նորանշանակ տնօրենն է, ով գյուղացիների պնդմամբ, մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի կնոջ ընկերուհին է, նրանց ընտանիքի բարեկամը։

Այսօր դպրոցի դասասենյակներում աշակերտների աթոռին նստած են ծնողները, ովքեր պահանջում են արդարություն և նշում են, որ աշակերտները ինքնաբուխ են կազմակերպել դասերից բացակայելը։

Նորանշանակ տնօրեն Նոնա Պողոսյանը շրջում է դասասենյակներով՝ հանդիպում ունենալով ծնողների հետ։ Ծնողները նշում են, որ իրենք չեն ճանաչում Նոնա Պողոսյանին, սակայն իրենք պաշտպանում են իրենց երեխաների իրավունքները, որոնք դեմ են Նոնա Պողոսյանի պաշտոնավարմանը։

Տիկին Պողոսյանն Analitik.am-ի հետ զրույցում հերքեց այն տեղեկությունը, ըստ որի ինքը հանդիսանում է Մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի ազգականը, իսկ նրա հետ համատեղ նկարը բացատրեց նրանով, որ դա ուղղակի նկար է մարզպետի հետ, նա այդ օրը քաղաքապետի կողմից պարգևատրվել էր և օգտվելով մարզպետի ներկայությունից, նկարվել է վերջինիս հետ։

Նոնա Պողոսյանի խոսքով, ինքը վստահ է, որ ամեն ինչ հարթվելու է։

Տնօրենի մյուս թեկնածու Անդրեյ Փիլիպոսյանը մեր թղթակցի հետ զրույցում նշեց՝ երբ աշակերտները ինքնաբուխ դասադուլ էին կազմակերպել, ինքն է այդ վիճակը հարթել, սակայն դրա համար մարզպետի կողմից ստացել գրավոր խիստ նկատողություն, որը, ըստ պարոն Փիլիպոսյանի, անհիմն է, քանի որ իր 14 տարվա մանկավարժական գործունեության ընթացքում նույնիսկ բանավոր նկատողություն չի ստացել։

Երկու ամիս տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Անդրեյ Փիլիպոսյան նոր տնօրենի նշանակումից հետո իր դիմումի հիման վրա ազատվել է աշխատանքից:

Նշենք, որ օրեր առաջ Կոտայքի մարզի Արամուս գյուղի դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթում հավասար ձայների արդյունքում փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հրամանով տնօրեն է նշանակվել Նոնա Պողոսյանը, ով եղել է Աբովյան քաղաքի թիվ 10 հիմնական դպրոցի դասվար։

Նույն շարքից