Հասարակություն 

Անկախ ելքից, գործընթացն ինքնին լրջագույն հարված է Նիկոլ Փաշինյանի քաղաքական իշխանության հեղինակությանը

Կա՛մ Դավիթը գնում է բանտ, կա՛մ ԱԱԾ տնօրենը՝ տուն…

Դավիթ Սանասարյանի շուրջ ծավալվող գործընթացները կարելի է որակել որպես աղմկոտ սկանդալ:
Անկեղծ ասած, հավատս չի գալիս, որ Դավիթը կարող էր ներքաշված լինել այսպիսի կոռուպցիոն գործընթացի մեջ:

Այդուհանդերձ, Հայաստանում պետք է հարգել ցանկացած անձի անմեղության կանխավարկածը և այն դարձնել կյանքի նորմ:

Եթե մեղադրանքը հիմնավոր լինի, բնականաբար, ով ուզում է լինի, պետք է ենթարկվի պատասխանատվության, իսկ եթե ոչ, ապա բազմիցս նշել եմ, որ որևէ անմեղ անձ մեր երկրում չպետք է պատժվի:

Բայց այդ մասին չէ, որ ուզում եմ խոսել:

Պատկերավոր ասված, Ազգային անվտանգության ծառայությունը վարչապետի աջ ձեռքն է, իսկ պետական վերահսկողական ծառայությունը՝ ձախ ձեռքը, կամ ճիշտ հակառակը:

Եվ երբ ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվում պետական վերահսկողական ծառայության պետին, պետք է արձանագրել, որ անկախ այս քրեական գործի ելքից, գործընթացն ինքնին լրջագույն հարված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական իշխանության հեղինակությանը:

Այս գործընթացից որևէ իշխանություն չի կարող շահած դուրս գալ:

Սա կոռուպցիայի դեմ պայքար չէ, ո՛չ էլ կոնկրետ անձին լիկվիդացնելու փորձ:

Խոսքը գնում է պետական համակարգում կարևորագույն երկու ինստիտուտների միջև գոյություն ունեցող անվստահության ցցուն դրսևորման մասին, ինչը նշանակում է, որ գործ ունենք դեռևս ամբողջությամբ չամրացած, ներքին խնդիրներով ծանրաբեռնված և միմյանց նկատմամբ փոխադարձ վստահություն չունեցող համակարգի հետ…

Այս գործի վերջաբանը շատ պարզ է. Կա՛մ Դավիթը գնում է բանտ, կա՛մ ԱԱԾ տնօրենը՝ տուն…

Փաստաբան Նորայր Նորիկյան

Նույն շարքից