Գլխավոր Հասարակություն 

ԱԱԾ ղեկավարը Հայաստանում վարչապետն է. Մարուքյանը՝ Սանասարյանի գործով Վանեցյանի դեմ սկսված արշավի մասին

analitik.am

Այսօր՝ ապրիլի 19-ին, լրագրողների հետ զրույցում ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, խոսելով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքի մասին, ասաց, որ ճանաչում է վերջինիս, բայց ընկերություն չեն արել. «Ես այդ մարդուն գիտեմ որպես բարեվարքության բոլոր կանոնները պահպանող մարդու: Այսինքն, սա մեզ համար նույնպես անակնկալ է: Կարծում եմ, որ պետք է թողնել նախաքննությունն ընթանա, նրան փաստաբանները կպաշտպանեն, հետագան կտեսնենք»:

Մարուքյանի խոսքերով, իր համար զարմանալին այն է, որ բոլորը քննադատում են ԱԱԾ պետին, քարոզարշավ կա նրա դեմ. «ԱԱԾ ղեկավարը Հայաստանում վարչապետն է: Սխալ տեղ են ուղղում պահանջները: Վարչապետի խոսնակն արդեն ասել է, որ ԱԱԾ-ն վարչապետին ենթական մարմին է»:

ԼՀԿ-ական պատգամավորը չի ուզում հավատալ, որ Հայաստանում հիմա կարող է քաղաքական հետապնդում լինել. «Հնարավոր է, որ փնթիություն լինի, չգիտեմ ինչեր լինեն, բայց չեմ հավատում, որ քաղաքական հետապնդում լինի: Վստահ եղեք, եթե նման բան լինի, կբարձրաձայնենք՝ դա անելով բոլոր ձևերով»:

Մարուքյանը կարծում է, որ Վանեցյանին քննադատողները ցանկանում են իշխանության մեջ ճեղք մտցնել, իսկ եթե ուզում են քննադատել, պետք է ամբողջ իշխանությանը քննադատեն, ոչ թե առանձին վերցված պաշտոնյայի, ով այս պարագայում ենթական մարմնի ղեկավար է:

Նույն շարքից