Հասարակություն 

Ֆինանսատնտեսագիտական և բիզնես հմտությունների զարգացման խաղ-մրցույթ

Ամփոփվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ կենտրոնական բանկի և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» ՀԿ կազմակերպած ամենամյա ֆինանսատնտեսագիտական խաղ-մրցույթի եզրափակիչ փուլը: Ծրագրին մասնակցել են ՀՀ 10 մարզերի և Երևան քաղաքի ավելի քան 350 դպրոց: Յուրաքանչյուր մարզից և մայրաքաղաքից կիսաեզրափակիչ փուլ է անցել 1 հավաքական թիմ, որոնցում ընդգրկված են եղել 10-11-րդ դասարանների 5-ական աշակերտներ: Մրցույթի նպատակն է զարգացնել և խորացնել դպրոցականների գիտելիքները ֆինանսատնտեսագիտական թեմաների վերաբերյալ, ինչպես նաև ձևավորել արագ և ճկուն մտածելու կարողություն, զարգացնել բիզնես հմտություններ:

Մրցույթի ընթացքում թիմերին առաջադրվել են տնտեսագիտական խնդիրներ և վարժություններ` կազմված ավագ դպրոցներում դասավանդվող «Ձեռնարկատիրական կրթություն» առարկայի ծրագրային նյութերին համապատասխան:  Ժյուրիի կազմում ընդգրկված են եղել ԿԲ ֆինանսական կրթական կենտրոնի ղեկավար Արմինե Մկրտչյանը, նույն կենտրոնի մասնագետ Արթուր Փոքրիկյանը,  ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզաննա  Մակյանը, «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության նախագահ Արմինե Հովհաննիսյանը: Մրցակցող թիմերի պատասխանները գնահատելիս ժյուրիի կողմից կարևորվել է ոչ միայն ճիշտ պատասխանը, այլ նաև նորարարական մտածողությունը և թիմային աշխատանքը: Եզրափակիչ փուլում ուժերը չափել են ՀՀ Սյունիքի, Վայոց Ձորի և Արմավիրի մարզերի թիմերը, ովքեր վերջին փուլում ցուցադրել են վարկային առաջարկի գովազդ: Մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել  Արմավիրի մարզի թիմը: Հաղթողները  պարգևատրվել են ՀՀ կենտրոնական բանկի և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության կողմից սահմանված հատուկ մրցանակներով և պատվոգրով, իսկ բոլոր թիմերին շնորհվել են  մասնակցության վկայականներ:

Մրցույթի այլ մասնակիցներ նույնպես ստացել են խրախուսական մրցանակներ՝ պատասխանելով ծրագրի գործընկեր կառույցների ֆինանսական ոլորտի վերաբերյալ հատուկ հարցերին:

ՀՀ ԿԳ նախարարության հատուկ մրցանակը շնորհվել է Տավուշի մարզի թիմին` նախարարության կողմից պատրաստված հարցին ճիշտ պատասխանելու համար:

Նշենք, որ Ֆինանսատնտեսագիտական խաղ-մրցույթի գործընկերներն են՝ «Հայաստանի պատանեկան նվաճումներ»  ՀԿ, ՀՀ կրթության և գիտության նախարարություն, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ, Արցախբանկ, ՎՏԲ-Հայաստան բանկ, «Նաիրի ինշուրանս» և «Սիլ ինշուրանս» ապահովագրական ընկերություններ:

 

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից