Քաղաքականություն 

Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանի այցը Բասրայի նահանգ

analitik.am

Ապրիլի 17-18-ը Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանն այցելեց Բասրա նահանգ, որտեղ հանդիպեց նահանգապետ Ասաադ ալ-Էդանիին (Assaad Al-Edani)։

Դեսպան Փոլադյանն ու նահանգապետ ալ-Էդանին զրույցի ընթացքում ընդգծեցին հայ և իրաքցի ժողովուրդների` պատմականորեն ձևավորված հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտությունը, կարևորելով Բասրայի նահանգի տնտեսական հզորությունները և համագործակցության առկա ներուժը։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը նպաստող քայլեր իրականացնելու շուրջ, նախանշեցին համագործակցության ուղիները՝ գյուղատնտեսության, գիտակրթական և առողջապահության բնագավառներում։

Դեսպան Փոլադյանը հանդիպեց նաև Բասրայի նահանգային Խորհրդի նախագահ Սաբահ ալ-Բազզունիի (Sabah al-Bazouni) հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հայ և բասրացի խորհրդարանականների համագործակցության հնարավորությունները՝ ընդգծելով, որ Իրաքի Բասրայի նահանգը միակն է, որտեղ հայ համայնքն ունի իր պատգամավորը։

Այնուհետև ՀՀ դեսպանը հանդիպումներ ունեցավ Բասրայի նահանգի ներդրումների հիմնարկության նախագահ Ալաա Սալմանի (Alaa Salman) և Բասրայի համալսարանի ռեկտոր Սաջիդ Հասանի (Sajid Hasan) հետ, որոնց հետ քննարկվեցին առևտրատնտեսական, ներդրումային և գիտակրթական բնագավառներում համագործակցության հեռանկարները։

Դեսպան Փոլադյանը այցելել է նաև Բասրայի Սբ. Աստվածածին հայկական եկեղեցի և հանդիպեց համայնքի ներկայացուցիների հետ՝ պատասխանելով նրանց մտահոգող հարցերին։

Նույն շարքից