Հասարակություն 

Երևանը վարում է իրական բանակցություններ՝ առանց Ղարաբաղի մասնակցության․ Մ. Կոլերով. «168 ժամ»

analitik.am

«168 ժամ» թերթը գրում է. «Չկա «Լավրովի» պլան, կան համանախագահների ընդհանուր առաջարկներ»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, վերլուծաբան Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով ապրիլի 15-ին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ կայացած Մնացականյան-Մամեդյարով հանդիպման օրակարգին՝ հումանիտար բնույթի պայմանավորվածություններին և 2016 թվականի ռուսական առաջարկները քննարկելու վերաբերյալ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի պնդումներին, որոնք նախօրեին չէր հերքել ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հանդիպմանը հաջորդած իր հարցազրույցներից մեկում ասել է, որ քննարկել են 2016 թվականին ռուսական կողմի առաջարկած պլանը։ Ըստ նրա, այդ հանդիպման ժամանակ չեն կարողացել լուծել բոլոր խնդիրները, սակայն խորությամբ հասկացել են, թե ինչ խնդիրներ կան, ու ինչ պետք է լուծվի։ ՌԴ ԱԳ նախարարն իր հերթին՝ անդրադարձել էր թեմային՝ չհերքելով Մամեդյարովի պնդումները։ Սակայն նա նաև ասել էր, որ դրանք ընդհանուր առաջարկություններ են։

Մոդեստ Կոլերովն ընդգծեց, որ Մոսկվան ոչ մի առաջարկ առաջ չի մղում։ Ըստ նրա՝ պարզապես 2016 թվականին Բաքվում և Երևանում «անբարեխղճորեն», հաստատակամորեն «Լավրովի պլան» էին որակում ԵԱՀԿ ՄԽ միասնական առաջարկները։ Կոլերովի համոզմամբ՝ պետք չէ Մոսկվային վերագրել սեփական կապիտուլյացիայի պատասխանատվությունը։

Մեր հստակեցմանը, թե դա ոչ թե Երևանն է պնդում, այլ Բաքուն, Կոլերովն արձագանքեց՝ ասելով, որ Բաքվին ձեռնտու է ներկայանալ այնպես, ասես գործում է Մոսկվայի հրահանգներով, դա չափազանց ակնհայտ է։ Սակայն, նրա հավաստիացմամբ, Երևանին ևս ձեռնտու է ցույց տալ, որ վարվում է Մոսկվայի հրահանգներով, որպեսզի կապիտուլյացիայի պատասխանատվությունը չստանձնի, քանի որ բանակցությունների շարունակումը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից վերջերս հրապարակված Մադրիդյան սկզբունքներից հետո, նշանակում է՝ հայկական կողմերի կապիտուլյացիա և Լեռնային Ղարաբաղի փաստացի ոչնչացում, քանի որ ԼՂԻՄ-ի սահմաններով պետականությունը չի կարող գոյատևել։

«Եթե հայկական կողմը հետևում է Մոսկվայի հրահանգներին, ապա ես ինձ թույլ կտամ կասկածել դրանում, քանի որ Մոսկվան ոչ մեկ անգամ և միանշանակ կերպով իր բացասական վերաբերմունքն է արտահայտել Խաչատուրովին արտաքսելու մեթոդի, Քոչարյանի քաղաքական հետապնդումների վերաբերյալ, բայց դրանք Երևանը չի ընդունել։ Եթե Երևանին հարկավոր է փաթեթավորել սեփական կապիտուլյացիան, նա ցույց է տալիս, թե հետևում է ինչ-որ միֆական «Լավրովյան պլանի»։ Չկա նման պլան և նման բանաձև, ԱԳՆ-ն հերքել է։ Այն, որ Լավրովը լռել է և իր ոճով այն չի հերքել այս անգամ, ոչինչ չի նշանակում»,- ասաց Կոլերովը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից